Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Վերականգնվող էներգիան կարող է ճանապարհ հարթել հայաստանի էներգետիկ անվտանգության համար

26.02.2020, 16:17
Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել այն օրերից ի վեր, երբ գրեթե ամեն օր հոսանքի անջատումներ էին լինում։ Վերականգնվող էներգիան կարող է իրապես երաշխավորել երկրի էներգետիկ անվտանգությունը
Վերականգնվող էներգիան կարող է ճանապարհ հարթել հայաստանի էներգետիկ անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել այն օրերից ի վեր, երբ գրեթե ամեն օր հոսանքի անջատումներ էին լինում։ Այնուամենայնիվ, երկրի էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է հին սերնդի կայանների կողմից։ Վերականգնվող էներգիան կարող է իրապես երաշխավորել երկրի էներգետիկ անվտանգությունը։

Երեք տասնամյակ էլ չի անցել, երբ հոսանքի անջատումները լրջագույն խնդիր էին երկրի տնտեսական զարգացման համար՝ մեծապես ազդելով մարդկանց կյանքի որակի վրա։ 1995թ.-ից 24/7 ռեժիմով հոսանքի մատակարարման վերականգնումը մեծապես փոխեց խաղի կանոնները՝ ունենալով հեռահար տնտեսական ու սոցիալական հսկայական ազդեցություն։

Սակայն Հայաստանի էներգետիկ անվտանգության համար օրակարգային են մնում ժառանգված մի շարք խնդիրներ։ Էլեկտրաէներգիայի գրեթե երկու երրորդը ստացվում է ներկրվող էներգակիրներից։ Էլեկտրահաղորդման և էլեկտրամատակարարման համակարգերը հին են և նորացման կարիք ունեն՝ էլեկտրաէներգիայի արդյունավետ մատակարարում իրականացնելու համար։

Դեպի առաջընթաց

Այլ կերպ ասած՝ Հայաստանը շահագրգիռ է էներգիայի տեղական աղբյուրները զարգացնելու հարցում։ Վերականգնվող էներգիան, ինչպես օրինակ արևային, հողմային և փոքր հիդրո կայանները հենց այն է, ինչ պետք է։ Միևնույն ժամանակ, երկիրը կարող է շահել էլեկտրահաղորդման և էլեկտրամատակարարման համակարգերի վերազինումից։ Խնդիրներին լուծում տալու լավագույն եղանակը վերականգնվող էներգիայի կարողությունները զարգացնելը և ցանցը նորացնելն է ֆինանսապես կայուն եղանակով։

Հայաստանի էներգետիկայի ոլորտը երկար ճանապարհ է անցել։ 2005թ.-ից ի վեր կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին լրջագույն բարեփոխումներ են իրականացրել սպառողներին ավելի մաքուր և արդյունավետ հոսանք մատակարարելու նպատակով։ Բարեփոխումների շնորհիվ կիրառվել են ավելի կայուն սակագներ և սահմանվել են վերականգնվող էներգիայի ընդունելի սակագներ։

Ոլորտն ազատականացվեց, ինչի շնորհիվ ձևավորվեցին արտադրության, հաղորդման և բաշխման առանձին ընկերություններ։ Ստեղծվել է անկախ կարգավորող մարմին։ Ամենից կարևորն այն էր, որ ոլորտի ֆինանսական կայունությունը բարելավելու, այդ թվում՝ սպառողին հոսանքի մատակարարում իրականացնող Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական առողջացման շնորհիվ հիմք ստեղծվեց մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։

Հայաստանի բարեփոխումները լավ օրինակ են այն մասին, թե տարածաշրջանի երկրներն ինչպես կարող են արդիականացնել իրենց էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ հիմնաքարը դնելով ավելի կայացած տնտեսական աճի և իրենց ժողովրդի ավելի բարձր կենսամակարդակի համար։ Հայաստանի համար մարտահրավեր է այս պահի հնարավորությունը բաց չթողնելը և վերականգնվող էներգակիրների օգտագործումը խթանելու համար անհրաժեշտ մասնավոր ներդրումներ գրավելը։

Մասնավոր ներդրումների համար ճանապարհ հարթելը

Հավելյալ մասնավոր ներդրումները կօգնեն Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտին հաջորդ քայլը կատարել ոլորտի անվտանգությունը մեծացնելու հարցում և շարունակելու հուսալի հոսանքամատակարարումը նույնիսկ հին կայանների ապամոնտաժման պարագայում։ Մասնավոր ընկերությունները կբերեն ոչ միայն անհրաժեշտ կապիտալ, այլև իրենց գլոբալ փորձը, նորագույն տեխնոլոգիաները, լավ կառավարումը և լավագույն փորձը։

IFC-ն, որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է և զբաղվում է մասնավոր հատվածով, ակտիվորեն մասնակցում է երկրի էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ IFC-ն կապիտալ ներդրումներ է կատարել և 140 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային փաթեթ է կազմակերպել Որոտանի հիդրոկասկադի համար, որի շրջանակներում նախատեսվում էր կայանի մասնավորեցում և վերազինում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում դա հանդիսացել է պարտքի ֆինանսավորման առաջին խոշոր միջազգային գործարքը։ Որոտանի կասկադը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական կայաններից մեկն է, որն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրականության 12 տոկոսը։

Այդ ներդրման արդյունքում հավելյալ մասնավոր ներդրում կատարվեց երկրի էներգետիկայի ոլորտում։ Այնուհետև 2019թ.-ին IFC-ն և ՄԻԳԱ-ն, որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի մեկ այլ անդամ, աջակցեցին 250 ՄՎտ հզորությամբ՝ գազով աշխատող ջերմակայանի ֆինանսավորումը, որը փոխարինելու է հին, ոչ արդյունավետ 410- ՄՎտ ջերմակայանին։

Ուշադրություն վերականգնվող էներգիային

IFC-ն ներկայում աջակցում է Հայաստանին` երկրում վերականգնվող էներգիայի զարգացման խթանման ռազմավարություն իրականացնելու հարցում՝ ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Այդ ռազմավարությունը կնպաստի արտանետումների նվազեցմանը՝ առավել մաքուր էլեկտրականության ստացման միջոցով։ Թեև Հայաստանի բաժինը ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կազմում ընդամենը 0.02 տոկոս է, երկիրը պարտավորվել է ավելի նվազեցնել իր արտանետումների ծավալը։

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ էլեկտրականության համակցված արտադրության մեջ կիրառելու շնորհիվ նվազում են ինչպես արտանետումներն, այնպես էլ էներգակիրների ներկրման ծախսերը։ Այս առումով շատ կարևոր ուղենիշ հաղթահարվեց 2017թ.-ին, երբ կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ հաջողությամբ միջազգային մրցույթ հայտարարեց 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացման համար։ Մասրիկի արևային ֆոտովոլտային կայանը լինելու է Հայաստանի առաջին արդյունաբերական մասշտաբի արևային անկախ էլեկտրակայանը, որը գործարկվել է մրցութային հիմունքներով։

Զարգացող տնտեսություն, աճող պահանջարկ, շարունակվող մարտահրավերներ

Լրացուցիչ արտադրական հզորություններ են պահանջվելու՝ պահանջարկի աճին և հնացած կայանների ապամոնտաժման գործընթացին զուգահեռ։ Երկրի էլեկտրահաղորդման և մատակարարման համակարգում շարունակական ներդրումները կհանգեցնեն ոչ միայն ավելի հուսալի էներգամատակարարման, այլև էլեկտրական հոսանքի կորուստների կրճատման։   

Էլեկտրականության աճող պահանջարկը պետք է դիտարկել 2015-2016 թվականների տնտեսական անկման ժամանակաշրջանից հետո Հայաստանի տնտեսության վերականգնման ֆոնին։ 2018թ.-ից ի վեր երկրում գրանցվել է ՀՆԱ-ի 5 տոկոս կայուն աճ։ Կառավարությունը մտադիր է մեծացնել տնտեսական աճը օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման միջոցով՝ որակը և հուսալիությունը բարելավելու, անվտանգության ավելի բարձր աստիճան ապահովելու և մրցակցությունը խրախուսելու նպատակով։

Որպեսզի օտարերկրյա ներդրումները գան երկիր, Հայաստանը պետք է ներկայանա որպես գրավիչ վայր ներդրողների համար։ Հուսալի էլեկտրամատակարարումը երկար ճանապարհ պետք է անցնի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։

Դինամիկ և ավելի բարգավաճ Հայաստանին անհրաժեշտ է դինամիկ, հուսալի էներգահամակարգ։ IFC-ն և ամբողջ Համաշխարհային բանկը ուս-ուսի կկանգնեն Հայաստանի կողքին՝ առավել արդյունավետ, ոչ ծախսատար և ապահով էներգետիկ համակարգի կայացման ճանապարհին։

Ջորջինա Բեյքերը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)` Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահն է։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։–0–