«Դայմենշն» ներդրումային ընկերությանը շնորհվել է Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 1-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ին շնորհել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի թողարկած հասարակ բաժնետոմսերի շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) կարգավիճակ, ինչպես նաև ցուցակել է Ակբա բանկի բաժնետոմսերը՝ ընդգրկելով Հայաստանի ֆոնդային բորսայի ամենաբարձր՝ A հարթակում, հաղորդում է «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ն։
Ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն երկրորդային շուկայում ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսերը:
Ակբա բանկի բաժնետոմսերը սկսել են վաճառվել բորսայում 2021 թվականի նոյեմբերին ավարտված 7,5 մլրդ դրամի (մոտ 15 մլն դոլար) առաջնային տեղաբաշխումից (IPO-ից) հետո։
Տեղաբաշխումն իր չափերով և ներգրավված բաժնետերերի քանակով ամենամեծն էր Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ: Բանկը կարողացավ ներգրավել ավելի քան 5200 ֆիզիկական և իրավաբանական անձ բաժնետերեր, մեկ բաժնետոմսի արժեքը 15,000 դրամ էր:
Փետրվարի 1-ի առք ու վաճառքի մեկնարկից ի վեր՝ վաճառվել է Ակբա բանկի ավելի քան 1600 բաժնետոմս՝ դառնալով ամենաակտիվը Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող բաժնետոմսերի շրջանում: Առևտրային գների միջակայքը կազմել է 15,950-ից մինչև 16,400 դրամ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը վկայում է 6,3-9,3% շուկայական գնի աճի մասին՝ 2021 թվականի նոյեմբերի IPO-ի ժամանակ մեկ բաժնետոմսի համար գրանցված 15,000 դրամի համեմատ։
Ակբա բանկի բաժնետոմսերի ցուցակումից հետո «Դայմենշն» ներդրումային ընկերությունը հաջողությամբ իրականացնում է շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) ծառայություններ՝ մշտապես տրամադրելով երկկողմանի գնանշումներ և ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում։ Շուկա ստեղծողը կապիտալի շուկայի կարևորագույն դերակատարներից է: Այն իրականացնում և կնքում է գործարքներ՝ Բորսայի կանոններին համապատասխան։
Շուկա ստեղծողի ծառայություններ մատուցելուց բացի, «Դայմենշնի» բաժնետոմսերի վերլուծության, ինստիտուցիոնալ վաճառքի և block trading-ի մասնագետները նաև կհեշտացնեն Ակբա բանկի բաժնետոմսերի առևտուրը։ Ակբա բանկի հասարակ բաժնետոմսերի վերաբերյալ «Դայմենշնի» կանոնավոր կերպով հրապարակվող հետազոտությունները կտրամադրեն տեղեկատվություն՝ Ակբա բանկի բաժնետոմսերը որպես ներդրումային գործիք գնահատելու համար։
««Դայմենշնը» արդյունավետ կերպով իրականացնում է մարքեթ մեյքերի կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ գործառնությունները՝ ներդրողներին հնարավորություն ընձեռելով ցանկացած պահի գնել կամ վաճառել բաժնետոմս» - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:
«Այժմ ֆիզիկական և իրավաբանական ցանկացած անձ հնարավորություն ունի Հայաստանի ֆոնդային բորսայից ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմս: Նման հնարավորություն ընձեռելով՝ մենք հարթակ ենք ստեղծում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Կարծում եմ, որ մեր ընտրած այս ճանապարհը ամենալավ ուղիներից մեկն է Հայաստանում ներդրումներ ապահովելու համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բաժնետոմսը ներդրողներին տալիս է ներդրումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն և կարող է ապահովել եկամուտ շահաբաժինների (դիվիդենդ) և բաժնետոմսի գնի աճի տեսքով։
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասին
ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ը հիմնադրվել է 1996 թվականին, Ակբա ֆինանսական խմբի անդամ է: Բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային ունիվերսալ ծառայություններ: Բանկն ունի 63 մասնաճյուղ, շուրջ 400,000 հաճախորդ և շուրջ 1,500 աշխատակից: Ակբա ֆինանսական խմբի անդամ են նաև Հայաստանում լիզինգային առաջին մասնագիտացված ընկերությունը՝ լիզինգային շուկայի բացարձակ առաջատար ԱԳԲԱ Լիզինգը և Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որը Հայաստանում նշված ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ՝ «Դայմենշն»-ն առաջնահերթություն է տալիս հաճախորդներին՝ նրանց համար դառնալով ամենահուսալի, խորաթափանց և արդյունավետ գործընկերը Հայաստանում ներդրումային ծառայությունների հարցում՝ միաժամանակ պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերության հնարավորությունների հիմքում են նրա առանցքային արժեքները, մեծ ներգրավվածություն ցուցաբերող բաժնետերերն ու գլոբալ ցանցը:
«Դայմնեշնի» մասին ավելին իմանալու համար այցելեք կայք կամ հետևեք ֆեյսբուքյան էջին։-0-