Անշարժ գույքի շուկայում գների 30%-անոց ճշգրտման ռիսկը չի իրականացել. ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների մինչև 30% ճշգրտման ռիսկը, որի մասին ՀՀ Կենտրոնական բանկը խոսում էր մի քանի եռամսյակ առաջ, չի իրականացել, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս պահին շուկայի տվյալները վկայում են այն մասին, որ եթե նույնիսկ ինչ-որ ճշգրտում կա, ապա այն շատ չափավոր է, ինչը, հավանաբար, լավագույն սցենարն է երկրի համար», — ասել է նա «Rearrange» փոդքաստի ընթացքում։
Գալստյանի խոսքով՝ եթե մարդիկ անշարժ գույք են գնում հետագայում այն ավելի բարձր գնով վերավաճառելու նպատակով, ապա շուկայական տնտեսության պայմաններում կարող են ձախողվել, վնասներ կրել, դասեր քաղել և այլևս նման քայլի չդիմել։
«Իսկ ավելի լավ ճանապարհ կա՞։ Չի կարելի չէ՞ մարդկանց արգելել կատարել այն ներդրումները, որոնք իրենք ցանկանում են։ Կապիտալիստական հասարակարգում մարդը սովորում է սեփական սխալների վրա», — ասել է նա։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ որոշ պետություններ նման դեպքերում միևնույն է սկսում են միջամտել, ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանում այլ ճանապարհ է ընտրվել։
«Մենք ժամանակին Ազգային ժողովում օրենք ընդունեցինք այն մասին, որ հիփոթեքը պետք է տրամադրվի դրամով։ Որովհետև մարդիկ դոլարային վարկեր էին վերցնում, քանի որ տոկոսադրույքն ավելի ցածր էր, բնակարաններ էին գնում, և եթե փոխարժեքի տատանումների պատճառով խնդիրներ առաջանային, նրանք չէին կարողանա սպասարկել իրենց պարտավորությունները։ Դրա համար գոնե արժութային ռիսկը մենք հանեցինք այդ հավասարումից», — ասել է նա։