Forbes-ը Ռուբեն Վարդանյանին, Քիմ Քարդաշյանին, Սամվել Կարապետյանը և ևս մի քանի հայի ներառել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Forbes-ը հրապարակել է 2025 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց 39-րդ վարկանիշը։
Վարկանիշում ներառվել են ռեկորդային թվով միլիարդատերեր՝ 3028, նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 16,090 տրիլիոն դոլար։
Վարկանիշում ներառվել են նաև ազգությամբ հայեր տարբեր երկրներից։
Ալբերտ Ավդոլյան՝ 717–րդ հորիզոնական, 5մլրդ դոլար
Ավդոլյանը Հեռավորարևելյան և Սիբիրյան ածխի և գազի ընկերությունների սեփականատեր է: Ներդրումային կապիտալը ստացել է ռուսական «Մեգաֆոն» և Yota ռուսական հեռահաղորդակցության ընկերությունների բաժնետոմսերի վաճառքից։ Նա ընկերության հիմնական բաժնետերն է, որն ունի Ռուսաստանի խոշորագույն Էլգա ավազանի տարածքում ածխի արդյունահանման լիցենզիա:
2022 թվականին նա սկսել է կառուցել մասնավոր երկաթուղի Յակուտիայի ածխի հանքերից մինչև Օխոտի ծովի ապագա նավահանգիստը: Eրկարությունը մոտ 500 կմ է։
Էդուարդո Էռնեկյան՝ 1072–րդ հորիզոնական, 3,4մլրդ դոլար
Արգենտինայում հայ գաղթականների զավակ է, նախ աշխատել է տեքստիլ արդյունաբերության մեջ։ 1980-ականներին սկսել է զբաղվել կաբելային հեռուստատեսությամբ։ 1990-ականներին նա 750 միլիոն դոլար է վաստակել արգենտինական Cablevision հեռուստաընկերության վաճառքից։ Իր կորպորացիայի՝ Corporacion America-ի միջոցով Էռնեկյանը և նրա գործընկերները տնօրինում են 52 օդանավակայաններ ամբողջ աշխարհում, որոնց շահույթը կազմում է 1,4 միլիարդ դոլար:
2018 թվականի փետրվարին Corporacion America Airports-ը դուրս է եկել Նյու Յորքի ֆոնդային բորսա։ Այս ընկերության գլխավոր տնօրենը եղբորորդի Մարտին Էռնեկյանն է։
Էռնեկյանի մեկ այլ ձեռնարկություն՝ Compañía General de Combustibles-ը, Արգենտինայում նավթի և գազի արտադրող է, որը շահագործում է ածխաջրածնային հանքեր և խողովակաշարեր:
Սամվել Կարապետյան՝ 1141–րդ հորիզոնական, 3,2մլրդ դոլար
Կարապետյանը կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում գործող «Տաշիր Հոլդինգ» ընկերության սեփականատերն է: Կարապետյանը ծնվել է Հայաստանում, սակայն 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգայում։ «Գազպրոմի» երկարաժամկետ ենթակապալառու «Տաշիր» ընկերությունների խումբը նաև պետական պայմանագրեր ունի Մոսկվայի կենտրոնական փողոցների լուսավորության համար։ Կարապետյանի զավակները՝ Սարգիսն ու Տաթևիկը «Տաշիր»-ի թոփ-մենեջերներ են։ Կարապետյանը կառուցել է առևտրի կենտրոններ, գնել էլեկտրաէներգետիկ ընկերություն և Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը։
Անդրեյ Անդրեև (Օհանջանով)՝ 1688 հորիզոնական, 2,1մլրդ դոլար
Ռուսաստանցի ձեռնարկատերը 2004 թվականից ստեղծել է ծանոթությունների համար նախատեսված հինգ առցանց կայքեր և հավելված՝ Mamba, Badoo, Bumble, Chappy և Lumen: ԱՄՆ-ում նրա ամենահաջող հավելվածը Bumble-ն է, որը ստեղծվել է Ուիթնի Վուլֆ Հերդի հետ համատեղ: 2019 թվականի նոյեմբերին Անդրեևը վաճառել է իր բաժնետոմսերը Bumble–ում և Badoo-ում Blackstone Group-ին մի գործարքի շրջանակում, որը կայքերը գնահատել է 3 միլիարդ դոլար: 2020 թվականի օգոստոսին Անդրեևը գործարկել է Stereo-ն՝ միայն աուդիոյի հետ աշխատող սոցիալական մեդիա հարթակ, որը մրցում է Clubhouse-ի՝ մեկ այլ աուդիոհավելվածի հետ: Անդրեևն իր գործունեությունը սկսել է 1990-ականներին՝ ստեղծելով և վաճառելով մի քանի ստարտափեր, այդ թվում՝ SpyLog-ը, որը հետևում էր կայքի այցելուներին:
Քիմ Քարդաշյան՝ 2019–րդ հորիզոնական, 1,7մլրդ դոլար
Նա ռեալիթի շոուի աստղից դարձավ մեծ կարողության սեփականատեր, որի մեծ մասը բաժին է ընկնում իր բաժնետոմսերին Skims հագուստ արտադրող ընկերությունում: Skims-ը գնահատվում է 4 միլիարդ դոլար 2023 թվականի ֆինանսավորման փուլից հետո: Դրա ներդրողների թվում են միլիարդատերեր Սթիվեն Մենդելը, Դենիել Սանդհեյմը և Ջոշ Քուշները՝ Իվանկա Թրամփի աներձագը։
2020 թվականին Քարդաշյանը 200 միլիոն դոլարով վաճառել է իր KKW Beauty կոսմետիկա և օծանելիք արտադրող ընկերության 20%-ը Coty ընկերությանը։ Քարդաշյանը բրենդը փակել է 2021 թվականին և 2022 թվականի հունիսին գործարկել է SKKN By Kim-ը՝ մաշկի խնամքի բարձրակարգ միջոցների շարքը։ Քարդաշյանը ամուսնալուծվել է երաժիշտ Քանյե Ուեսթի հետ 2022 թվականի սկզբին: Նրանք կիսում են իրենց չորս երեխաների խնամակալությունը, և ըստ տեղեկությունների Քարդաշյանը վճարել է 23 միլիոն դոլար՝ Hidden Hills առանձնատունն իրեն պահելու համար։
Արտյոմ Խաչատրյան՝ 2110 հորիզոնական, 1,6մլրդ դոլար
Միլիարդատեր Սերգեյ Լոմակինի հետ նրանք 2007-ին հիմնել են Fix Price ռուսական դիսկոնտային ռիթեյլերը: 2021-ին ընկերությունը դարձել է հրապարակային: Ցանցը բացել է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում: Նախկինում Խաչատրյանը եղել է ընկերության գործադիր տնօրենը, 2023 թվականի դեկտեմբերին Խաչատրյանը վաճառել է FixPrice-ի իր ամբողջ բաժնեմասը և դուրս եկել տնօրենների խորհրդից՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքներով։
Նուբար Աֆեյան՝ 2623 հորիզոնական, 1,2մլրդ դոլար
Աֆեյանը Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում բնական գիտությունների ոլորտում մասնագիտացած նորարարական Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: Նա նաև Moderna բիոտեխնոլոգիական ընկերության նախագահն ու համահիմնադիրն է, որը հայտնի է իր Covid-19 պատվաստանյութով, որը հաստատվել է ԱՄՆ FDA-ի կողմից 2020 թվականի դեկտեմբերին: Իր կարիերայի ընթացքում Աֆեյանն օգնել է հիմնադրել ավելի քան 70 պետական և մասնավոր ընկերություններ առողջապահության և կենսաբանական գիտությունների ոլորտներում:
Աֆեյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում (Լիբանան) հայկական ընտանիքում։ Նա և իր ընտանիքը փախել են Լիբանանի քաղաքացիական պատերազմից և տեղափոխվել Մոնրեալ 1975 թվականին: Բացի Moderna-ում իր բաժնետոմսերից, նա նաև բաժնետոմսեր ունի Միացյալ Նահանգներում հրապարակային վաճառվող ավելի քան մեկ տասնյակ բիոտեխնոլոգիական ընկերություններում:
Ռուբեն Վարդանյան՝ 2623–րդ հորիզոնական, 1,2մլրդ դոլար
Հայտնի է որպես ռուսական ֆոնդային շուկայի հիմնադիր՝ Վարդանյանը 1990-ականների սկզբին համահիմնել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը։ 2013 թվականին Վարդանյանն ու նրա մենեջերները «Տրոյկա Դիալոգ»-ը վաճառեցին պետական «Սբերբանկ»-ին 1,4 միլիարդ դոլարով։ 2014 թվականին Վարդանյանը հիմնեց Vardanyan, Broitman and Partners ներդրումային բուտիկը, որը սպասարկում է շատ հարուստ մարդկանց։
2021 թվականին նա ստացել է Հայաստանի քաղաքացիություն, հետագայում հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Հայաստան։ 2022 թվականի նոյեմբերին Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։ Նա իր բիզնես ակտիվները փոխանցել է ընտանիքին: 2023 թվականի փետրվարին նա հրաժարական է տվել պետական նախարարի պաշտոնից։ 2023 թվականի սեպտեմբերից կալանքի տակ է Ադրբեջանում։