Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է ՌԴ–ում 64,5 մլն շիշ «Ջերմուկի» իրացումը
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ հանձնարարական է ուղարկել «Честный знак» համակարգի օպերատորին՝ ՌԴ-ում «Ջերմուկ» ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու մասին, լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ռոսպոտրեբնադզորի կողմից լրացուցիչ հանձնարարական է ուղարկվել «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատորին՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու մասին»,- գերատեսչության խոսքերը մեջբերում է «Պրայմը»։
Հանձնարարականի հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կարգավորման մասին օրենսդրության պարտադիր պահանջների խախտումները։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Դա կարող է մոլորության մեջ գցել բուժիչ հատկությունների վերաբերյալ և բացասաբար անդրադառնալ առողջության վրա։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։
Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։