«Ջերմուկում» շեղումներ չկան. ՍԱՏՄ-ն՝ ՌԴ սահմանափակումների մասին (ԲԱՑԱՌԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 22-ին Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։
Գործակալությունը բացատրել է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա մակնշվածին, ինչը «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ պահանջների խախտում է։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ հանձնարարական է ուղարկել «Честный знак» համակարգի օպերատորին՝ ՌԴ-ում «Ջերմուկ» ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու մասին։
«ԱՌԿԱ» գործակալությունը պարզաբանում ստանալու նպատակով մեկնաբանություն է խնդրել ՍԱՏՄ-ից։
«ՍԱՏՄ-ն նմուշառում է կատարել ջերմուկից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել. «հիդրոկարբոնատ», «սուլֆատ» և «քլորիդ» իոնների քանակը համապատասխանել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»,-նշել են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ քանի որ Ջերմուկի շրջանառությունը կասեցրել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր»), խնդրի կարգավորմամբ զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:
Նշենք, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թ․-ի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։
Գերատեսչության կայքում նշվել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական գյուղմթերքի մատակարարումների ժամանակ խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով։