2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Նշելով, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով:
«2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարության 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, 2021-2024 թվականների արդյունքներով կազմելով միջինում 8,15%», – նշել է Փաշինյանը։
Նա նաև ավելացրել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել էր 8,3%, 2022 թվականին՝ 12,6%, 2021 թվականին` 5,8% տնտեսական աճ:
Փաշինյանի խոսքով, 2024 թվականի միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760 555 մարդ:
«Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 203 878 մարդով կամ 36,6 %-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37 882-ով կամ 5,2 %-ով», – նշել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ 2024 թվականի արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 172 ՀՀ դրամ` 2018 թվականի համեմատ աճելով 114 445 ՀՀ դրամով կամ 66,3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով:
«2024 թվականի արդյունքներով տարեվերջի գնաճը կազմել է 1,5%, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25,3%։ Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%: Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: 2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին», – նշել է Փաշինյանը։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետբյուջեում նախատեսված է 5,1 տոկոս։ Տնտեսական ակտիվությունը, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների, հունվարին աճել է 7,1%-ով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 7,1-4,8 տոկոսի սահմաններում, 2026 թվականին՝ 4,7-7 տոկոս, 2027 թվականին՝ 5-6,2 տոկոս:
ԵԱԶԲ-ն 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 5,5 տոկոս։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5%-ով, ԱՄՀ-ն՝ 4,9%-ով, ՎԶԵԲ-ը՝ 5%-ով (2026-ին՝ 4,5%), ԱԶԲ-ն՝ 6%-ով։ Ըստ Fitch Ratings-ի՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,9 տոկոսով, մինչդեռ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 4,7 տոկոսով։