Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ

29.04.2024, 16:50
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել է 14,3 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերության հատվածը, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել է 14,3 տոկոսով: Տնտեսական ակտիվության զգալի մասը շարունակում է ապահովել արդյունաբերությունը (+30,4 տոկոս) (ըստ մեր հաշվարկների՝ աճն առաջին եռամսյակում կազմել է մոտ 5,8 տոկոսային կետ) ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման շնորհիվ»,- ասվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է, որ տնտեսական ակտիվության ավելացումն ապահովել են նաև առևտրի (+26.5%) և ծառայությունների (+5.0%) ոլորտները։

«Ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 2,7 անգամ, իսկ ներմուծումը հունվար–մարտին` 75,8 տոկոսով` հիմնականում արտաքին առևտրի և ոսկյա իրերի վերամշակման աճի հաշվին»,- նշում են ԵԱԶԲ-ի վերլուծաբանները։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 723 685,0 մլն դրամ՝ 2023 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 30,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մարտին տարվա կտրվածքով աճը կազմել է 33,5%, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,2%։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի սահմաններում։

ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ, ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։