ԱՄՀ–ն անփոփոխ է թողել Հայաստանի տնտեսական աճի 2024թ․–ի կանխատեսումը և ակնկալում է դանդաղում 2025թ․–ին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսության բարձր աճը պահպանվել է, ընդ որում կանխատեսվում է, որ 2024 թ․ ՀՆԱ-ի աճը կհասնի 6 տոկոսի՝ ներքին պահանջարկով պայմանավորված, նախքան 2025 թ․-ին նվազելը մինչև 4․9 տոկոս։ Այս մասին նշվում է ԱՄՀ հայկական առաքելիության ղեկավար Իվա Պետրովայի հայտարարության մեջ սեպտեմբերի 18–ից հոկտեմբերի 1–ը Հայաստան այցի արդյունքում։
ԱՄՀ–ի World Economic Outlook ապրիլյան զեկույցում նշվել է, որ հայկական տնտեսության աճը 2024թ․–ին կկազմի 6%, իսկ 2025թ․–ին կդանդաղի՝ մինչև 5,2%։
«Հայաստանի տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է, ընդ որում իրական ՀՆԱ-ն տարվա առաջին կիսամյակում աճել է 6․5 տոկոսով՝ պայմանավորված ներքին պահանջարկով։ Զբաղվածության աճը կայուն է եղել, 2023 թ․-ի սկզբից սկսած միջինը կազմելով 19 տոկոս, իսկ գնաճը ցածր է պահպանվել՝ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով 0․6 տոկոս», – նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՀ–ում ակնկալում են, որ կարճաժամկետ հատվածում գնաճը ցածր կպահպանվի և միջնաժամկետ հատվածում աստիճանաբար կմոտենա ՀՀ ԿԲ գնաճի թիրախին։
«Այս հեռանկարի մասով նշանակալի ռիսկերի թվում են՝ աշխարհաքաղաքական լարվածություններն ու առևտրային գործընկերների մոտ աճի հնարավոր հետընթացը, կապիտալի ներհոսքերի փոփոխությունը և պարենի ու էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճը։ Դրական առումով՝ աճը կարող է գերազանցել սպասումները, եթե զուտ արտահանման արդյունքները սպասվածից լավը լինեն և եթե կառուցվածքային բարեփոխումները և փախստականների ինտեգրումն ավելի արագ իրականացվեն», – նշվում է Պետրովայի հայտարարության մեջ։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,5-5,8 տոկոսի միջակայքում։
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոս։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։
Թվեր և կանխատեսումներ գնաճի մասով
2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ 2024 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 4-3,2 տոկոս, 2026թ.` 4.2 -3.8%, 2027թ.-ին` 4%:
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%: