Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունը 2015 թ.–ին բռնագանձել է ավելի քան 24,9 մլրդ դրամ

26.01.2016, 17:27
ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2015 թ.–ին բռնագանձել է ավելի քան 24,9 մլրդ դրամ:
Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունը 2015 թ.–ին բռնագանձել է ավելի քան 24,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2015 թ.–ին բռնագանձել է ավելի քան 24,9 մլրդ դրամ, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ–մայոր Միհրան Պողոսյանը։
«Հարուցված կատարողական

վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 24.955.765.343 դրամ (2014 թ.–ին` 37.923.190.630 դրամ), որից պետական բյուջեի օգտին` 7.190.192.380 դրամ (2014 թ.–ին`- 21.754.520.067 դրամ)», – նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով` ֆիզիկական անձանց օգտին դատական կատարածուներն առգրավել են 1.601.220.616 դրամ (2014 թ.–ին`1.614.761.980 դրամ), իրավաբանական անձանց օգտին`  13.676.112.023 դրամ (2014 թ.–ին`8.938.935.561 դրամ)։

 «Նախորդ տարի կատարողական վարույթների թիվը կազմել է 893 հազար, որից 660 հազարը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը։ Միաժամանակ ոչ գույքային բնույթի գործադիր վարույթներով հարուցվել է 27,3 հազար գործ։ Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թ.–ին կազմել է 743,835», – նշեց նա։

Նրա խոսքով` ծառայությունը շարունակում է սերտորեն համագործակցել Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության հետ, ինչի կապակցությամբ 28 գործ փոխանցվել է համապատասխան կառույցներ` քրեական–իրավական գնահատական ստանալու համար։ Նշված գործերի հիմնական գումարային ծավալը կազմում է 5,6 մլրդ դրամ։ Դրանք վերաբերում են դիտավորյալ սնանկության գործերին, որոշներով հարուցվել են քրեական գործեր։

Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ ծառայության աշխատանքը եղել է ավելի քան թափանցիկ և որակյալ ներդրված ավտոմատացված համակարգի շնորհիվ։

 «Մասնավորապես խոսքը համակարգում հարկադիր կատարման և վարչական ակտերի մասին փաստաթղթերի ավտոմատ պատկերման մասին է։ Ծառայությունն էլեկտրոնային ճանապարհով տեղեկատվություն է ստանում քաղաքապետարանից, ճանապարհային ոստիկանությունից», – ասաց նա։

Պողոսյանի խոսքով` ծառայության աշխատանքի լավացման գործում մեծ դերակատարություն ունեն նաև նախորդ տարի բացված քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակները, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում։

Բացի այդ, հանրապետությունում գործող բոլոր վճարակային համակարգերի և տերմինալների օգնությամբ (բացի Telcell–ից) կարելի է կատարել վճարումներ, որոնց արդյունքում վճարված վարույթներով ցանկացած կալանք ավտոմատ կերպով հանվում է։ –0–