Հայաստանում էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցմունքներին հնարավոր կլինի հետևել առցանց
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդները կկարողանան առցանց հետևել իրենց էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցմունքներին, լրագրողներին չորեքշաբթի ասաց ընկերության բյուջեի և սակագների ձևավորման բաժնի պետ Արմեն Գևորգյանը։
ՀԾԿՀ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատեց ընկերության 2016 թ.-ի ներդրումային ծրագիրը, որն ունի 19,896 մլրդ դրամ ընդհանուր արժեք (առանց ԱԱՀ):
Նրա խոսքով, հաշվառման նոր համակարգի ներդրման համար ընկերությունը նախատեսում է ներդնել 8,6 մլրդ դրամ` էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման համար: Այդ ներդրման շրջանակում կգնվեն նոր էլեկտրական հաշվիչներ, կներմուծվի էլեկտրաէներգիայի ծախսի վերահսկման և հաշվարկման ավտոմատացված համակարգ:
«Այս ամենը թույլ կտա ընդլայնել ավտոմատացված հաշվառման համակարգը, իրականացնել հստակ վերահսկողություն, ինչպես նաև ավելի կազմակերպված կառավարել հոսքերը, կրճատել առևտրային կորուստները, բարձրացնել սպասարկման որակը», - ասաց Գևորգյանը:
Նա նշեց, որ նոր համակարգի շնորհիվ հաշվիչների ցուցմունքները կապի հատուկ միջոցներով կուտակվելու են հատուկ միասնական բազայում, ինչը թույլ կտա տեղում պարզել առևտրային կորուստների աղբյուրները, ինչպես նաև թույլ կտա բաժանորդներին հետևել էներգիայի սպառման սեփական ծավալներին:
Նրա խոսքով, ընկերությունն այսօր սպասարկում է 1 մլն հաշվիչ (որոնցից 360 հազարը` Երևանում), ընդ որում 600 հազարն ինդուկցիոն են, որոնք մաշված են, ինչի պատճառով հաշվարկների ժամանակ խափանումներ են տալիս: Մնացած հաշվիչները ևս հնացած են և թույլ չեն տալիս ապահովել տվյալների ավտոմատացված հավաքում և փոխանցում:
«Մենք նախատեսում ենք, որ առաջին հերթին մինչև տարեվերջ նոր սերնդի հաշվիչներ կտեղադրվեն Էրեբունիում և Սարի Թաղում, ինչպես նաև Արմավիր և Էջմիածին քաղաքների ցանցերում: Իսկ հինգ տարվա ընթացքում կտեղադրվեն նաև մյուս շրջաններում», - ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով, այս ամենը թույլ կտա կրճատել կորուստները, բարձրացնել ծառայությունների որակը և ապահովել հաշվիչների առցանց վերահսկումը, այդ թվում` նաև բաժանորդների կողմից:
Նա նաև նշեց, որ բաժանորդները, որոնք չունեն ինտերնետի հասանելիություն, սեփական ծախսերին առցանց հետևելու համար կստանան հատուկ սարքավորում, որի միջոցով յուրաքանչյուր կես ժամը մեկ կկարողանան տեսնել ծախսված էլեկտրաէներգիայի ծավալը: -0-