Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանը բեռնափոխադրումների տեսակետից չի կարող հույսը դնել միայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վրա. փորձագետ

02.09.2014, 16:22
Հայաստանը բեռնափոխադրումների տեսակետից չի կարող հույսը դնել միայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վրա, հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Հայաստանը բեռնափոխադրումների տեսակետից չի կարող հույսը դնել միայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բեռնափոխադրումների տեսակետից չի կարող հույսը դնել միայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վրա, հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Վերին Լարս» հսկիչ անցակետի (Ստեփանծմինդա-Լարս) երթևեկությունը փակվել էր օգոստոսի 20-ի երեկոյան փլուզման պատճառով: Երթևեկությունը վերականգնվել էր օգոստոսի 30-ին:

«Վերջին փլուզումը հանգեցրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների նվազմանը: Լավ է, որ երթևեկությունն արագ վերականգնվեց: Սակայն, ցավոք, նման խնդիրները պարբերական բնույթ են կրում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:

Ավելի վաղ` մայիսի 17-ին, Վրաստանի տարածքում գրանցված ցեխահոսքի հետևանքով արգելափակվել էր Ռազմական-վրացական ճանապարհը «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ, և մեկ ամիս շարունակ դադարեցվել էր Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը:

Սաֆարյանը կարծում է, որ այս խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ թունելի կառուցումը, ինչը կօգնի խուսափել վտանգավոր հատվածներով երթևեկելուց:

«Թունելի կառուցման նախագիծը նոր չէ: Սակայն երկու անգամ դրան խանգարել են համաշխարհային պատերազմները, իսկ վերջին անգամ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը», - տեղեկացրեց Սաֆարյանը:

Խնդրի լուծմանն այլընտրանք կարող է դառնալ նաև երկաթուղու կառուցումը, որը կկապի Հայաստանը Ռուսաստանի հետ Իրանի միջոցով, ինչպես նաև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբխազիան դեմ չէ Հայաստանի համար միջանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագծին, սակայն այս գաղափարը կարող է քննարկվել միայն Աբխազիայի անկախության ճանաչումից հետո: Խորհրդային տարիներին Անդրկովկասի երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածով անցնում էր 24 զույգ բեռնատար և 14 զույգ ուղևորատար գնացք: -0-