Рейтинг@Mail.ru
USD
363.44
EUR
414.98
RUB
4.322
GEL
138.67
2026 թ. սեպտեմբերի 23, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Երևանում և Սյունիքում կստեղծվեն միջազգային կանաչ շինարարության չափանիշներով 2 մաքսային և լոգիստիկ կենտրոններ

Երեկ, 15:58
Նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ՊԵԿ-ը ներգրավել է մասնագիտացված միջազգային խորհրդատու՝ CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկությանը
Երևանում և Սյունիքում կստեղծվեն միջազգային կանաչ շինարարության չափանիշներով 2 մաքսային և լոգիստիկ կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագիրը։

«Նախատեսվում է նոր ենթակառուցվածքները համապատասխանեցնել միջազգային կանաչ շինարարության չափանիշներին և ապահովել դրանց Leadership in Energy and Environmental Design (LEED) հավաստագրումը», - նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 57 մլն եվրո, որից 49 մլն եվրո ՎԶԵԲ-ի վարկերն են, 8 մլն եվրոն՝ դրամաշնորհները:

Նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ՊԵԿ-ը ներգրավել է մասնագիտացված միջազգային խորհրդատու՝ CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկությանը, որը տեխնիկական աջակցություն կտրամադրի LEED կանաչ շենքերի հավաստագրման համակարգի պահանջների ներդրման և համապատասխան հավաստագրերի ստացման գործընթացում։

Պետական եկամուտների կոմիտեի և CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկության միջև ստորագրված պայմանագրի համաձայն` խորհրդատուն ներգրավված կլինի ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում՝ ապահովելով LEED պահանջների հետևողական կիրառումը։

Աշխատանքների շրջանակում կգնահատվեն և, անհրաժեշտության դեպքում, կկատարելագործվեն նախագծային լուծումները՝ հաշվի առնելով էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, վերականգնվող էներգիայի կիրառման, բնական լուսավորության և ներքին միջավայրի որակի ապահովման, շինարարական նյութերի ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պահանջները։

Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների համար նախատեսվում է ապահովել առնվազն LEED Silver կամ ավելի բարձր մակարդակի հավաստագրում։ Խորհրդատուն աջակցելու է նախագծային և շինարարական լուծումների՝ LEED չափանիշներին համապատասխանեցմանը, ինչպես նաև հավաստագրման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը և ներկայացմանը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ձևավորել ժամանակակից, էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքներ՝ միջազգային կանաչ շինարարության չափանիշներին համապատասխան։

Մաքսային-լոգիստիկ կենտրոնների մասին

2026 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶԵԲ-ի հետ դրամաշնորհային համաձայնագրերին՝ Երևանում և Սյունիքում մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցման համար:

Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 57 մլն եվրո, որից 49 մլն եվրո ՎԶԵԲ-ի վարկերն են, 8 մլն եվրոն՝ դրամաշնորհները:

Երևանի կենտրոնի ծրագրի արժեքը կազմում է 45 մլն եվրո` ՎԶԵԲ-ի վարկ մինչև 39 մլն եվրո և ԵՄ դրամաշնորհ մինչև 6 մլն եվրո: Կենտրոնը կկառուցվի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:

Սյունիքի կենտրոնի ծրագրի արժեքը կազմում է 12 մլն եվրո՝ ՎԶԵԲ-ի վարկ 10 մլն եվրո և դրամաշնորհ 2 մլն եվրո: Կենտրոնը կտեղակայվի Շակի գյուղի մոտ, Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա:

Երկու օբյեկտներն էլ նախատեսվում է ստեղծել «կանաչ» շինարարության միջազգային չափանիշներով՝ էկոլոգիական հավաստագրմամբ: Ծրագրերը նախատեսում են նաև ընթացակարգերի թվայնացում, «մեկ պատուհանի» սկզբունք, տեխնիկական վերահսկողություն և խորհրդատվական աջակցություն: