Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանն ու ԵՄ–ն մտնում են տեխնիկական ձևակերպումների փուլ ապրանքների արտահանման հարցով․ Միրզոյան

Այսօր, 16:46
Քաղաքական համաձայնությունը կա. Միրզոյանը՝ դեպի ԵՄ ապրանքներ արտահանելու մասին
Հայաստանն ու ԵՄ–ն մտնում են տեխնիկական ձևակերպումների փուլ ապրանքների արտահանման հարցով․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի և ԵՄ-ի միջև, ընդհանուր քաղաքական պայմանավորվածություն և համաձայնություն կա, և կողմերը մտնում են տեխնիկական ձևակերպումների փուլ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՀՀ-ում արտադրված գյուղատնտեսական ապրանքների` ԵՄ երկրներ մուտք գործելուն:

«Օրերի և առաջիկա շաբաթների ընթացքում, բայց նաև երկարաժամկետ, դուք և մեր գործարարները, նաև հայաստանյան ամբողջ հանրությունը կտեղեկացվեք շատ կոնկրետ այս դեպքի կամ կոնկրետ ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը և ճանապարհը կան», - ասաց Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Անդրադառնալով լոգիստիկ ուղիներին, թե ինչպես են ապրանքները հասնելու ԵՄ շուկա, արտգործնախարարը պարզաբանեց, որ տարբերակները մի քանիսն են՝ օդանավով, Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի տարածքով։ Նա նշեց, որ կան նաև այլ, սակայն պակաս ռացիոնալ տարբերակներ, օրինակ՝ Պարսից ծոցով։

Խոսելով հունիսի 2-ին Կարսում կայացած Հայաստանի և Թուրքիայի գործարարների հանդիպման մասին` Միրզոյանը նշեց, որ դա էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած գործարար շփումներից։

«Շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, օրինակ՝ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից, շատ էական, մեծ հետաքրքրություն: Կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով», - ասաց արտգործնախարարը:

Նրա ակնկալում է, որ առաջիկայում ռացիոնալ ժամկետներում ՀՀ տարածքում տեղի կունենա նաև երկրորդ հանդիպումը:

«Տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից և միջև: Ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, նյութականացումը և շոշափելի պտուղները:

Մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեմ վստահություն հայտնել, մեծ հաշվով չի կանգնելու և բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է քաղաքական լավ արդյունքներ»,- նշեց Միրզոյանը։