Հայկական արտահանման մրցունակությունը կարող է հայտնվել սպառնալիքի տակ և հիմնական պատճառը դրամի բարձր փոխարժեքն է․ տնտեսագետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետևանքով Հայաստանի արտահանումը դեպի ԱՄՆ կարող է չտուժել, բայց մյուս շուկաներում, որտեղ Հայաստանը ներկա է, բացի ռուսականից, մրցակցությունն ավելի շատ կինտենսիվանա, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայելային մաքսատուրքեր է սահմանել 183 երկրներից ներկրվող ապրանքների վրա։ Հայաստանի նկատմամբ սահմանվելու է 10% մաքսատուրք։
«Եվրոպական, ճապոնական, չինական արտահանողները շատ ավելի ինտենսիվ մրցելու են, որպեսզի փոխհատուցեն իրենց կորուստները ամերիկյան շուկայում։ Հայաստսնն այս համատեքստում կարող է տուժել, որովհետև մրցակցությունը շատ ավելի սուղ է դառնալու», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «ARKA Business» հաղորդման ընթացքում։
Նշելով, որ Հայաստանը դեպի ԱՄՆ շատ փոքր արտահանում ունի՝ Միքայելյանն ասաց, որ դա պայմանավորված է լոգիստիկ և այլ պատճառներով։
«Առհասարակ ԱՄՆ շուկա մտնելն այդքան էլ հեշտ չէ, առավել ևս Հայաստանի համար, որը միջազգային օվկիանոսին մուտք չունի։ Այսպիսով, Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանումը կազմում է 50–60 մլն դոլար, որը մեր արտաքին շրջանառության շատ փոքր կշիռն է կազմում։ ԱՄՆ–ից ներմուծումը եղել է շատ ավելի մեծ, բայց սա չի տուժելու։ Արտահանումը որոշակիորեն կարող է տուժել, բայց այդ տույժը այդքան էլ մեծ չի, որովհետև այստեղ ոչ միայն Հայաստանն է տուժում, այլև ողջ աշխարհը», – ասաց նա։
Տնտեսագետի խոսքով, Հայաստանի արտաքին առևտուրը, արտահանումը պետք է ավելի մրցունակ լինի։
Նրա խոսքով, հայկական ապրանքների մրցունակությանն ամենից շատ խփում է դրամի բարձր փոխարժեքը, որը, իր կարծիքով, շատ երկար չի տևի։
«Հենց ուկրաինական պատերազմն ավարտվի կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանվեն, դրամն ինքնըստինքյան նվազելու է», – պարզաբանեց նա։
Միքայելյանը կարծում է, որ ՀՀ ԿԲ–ն պետք է թույլ չտար դրամի արժևորում։
«Եթե հանենք Հայաստանում չարտադրված ապրանքների արտահանումը և դիտարկենք տեղական ապրանքների արտահանումը, ապա այդքան էլ մեծ աճ չկա վերջին երեք տարվա ընթացքում, այսինքն մեր արտաքին առևտուրը ևս տուժել է», – ասաց նա։
Այսպիսով, փորձագետի խոսքով, առաջին քայլը պետք է լինի դրամի աստիճանական արժեզրկումը, պետք է բերել այն բնական արժեքի, որը եղել է 480 դրամ մեկ դոլարի համար։
«Բացի դրանից, պետք է մտածել մրցունակության ամբողջ կոմպլեքսի մասին, այստեղ խոսքը թե′ աշխատուժի, թե′ տեխնոլոգիական վերազինման, թե′ լոգիստիկայի մասին է։ Բայց առաջնայինն, ամեն դեպքում, դրամի փոխարժեքն է»,– ավելացրեց նա։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ԱՄՆ–ի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2024թ․–ին կազմել է մոտ 410,6 մլն դոլար՝ 2023թ․–ին գրանցելով 38,7% –ի անկում։ ԱՄՆ–ում հայկական արտահանումը կազմել է մոտ 58,9 մլն դոլար (աճը՝ 21,5%), իսկ ներկրումն՝ ավելի քան 351,6 մլն դոլար (անկումը՝ 43,4%)։