ՀՀ վարչապետը հանձնարարել է պարզեցնել սեզոնային մրգերի արտահանման ընթացակարգը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության հերթական նիստում համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է էապես պարզեցնել Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական սեզոնային մրգերի արտահանման գործընթացը` կիրառելով «մեկ պատուհանի» սկզբունքը։
«Այժմ սեզոնային մրգերի արտահանման ամենաբարեհաջող շրջանն է, սակայն մեր ուսումնասիրության տվյալներով հայտնի է դարձել, որ մաքսազերծման գործընթացը որոշ դեպքերում շարունակում է շատ ծախսատար մնալ։ Անհանգստացնող է նաև այն փաստը, որ անհատ գործարարների համար լիարժեք չի կիրառվում «մեկ պատուհանի» սկզբունքը»,–ասել է Կարապետյանը։
Նախօրերին ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել էր, որ 2017 թ–ի սկզբից Հայաստանն արտահանել է մոտավորապես 32 հազար 500 տոննա թարմ միրգ և բանջարեղեն, որից 31 հազար 500 տոննան` Ռուսաստան, մնացածը Վրաստան և ԱՄԷ։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկությունների համաձայն` արտահանման ընդհանուր ծավալը 2017 թ–ի հունվար–ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16,1 տոկոսով և կազմել 608,3 մլն դոլար։ -0-