Рейтинг@Mail.ru
USD
366.17
EUR
422.12
RUB
4.4525
GEL
139.73
2026 թ. օգոստոսի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+34

Փաշինյանը կոչ է արել ԵԱՏՄ–ին «չտորպեդահարել» Հայաստանի ձգտումն այլընտրանքներին

Այսօր, 15:41
Այժմ այն, ինչ տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում, միայն բացասական ընկալում է հրահրում ԵԱՏՄ-ի նկատմամբ ՀՀ-ում, հայտարարել է Փաշինյանը
Փաշինյանը կոչ է արել ԵԱՏՄ–ին «չտորպեդահարել» Հայաստանի ձգտումն այլընտրանքներին

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին կոչ է արել «չտորպեդահարել» Հայաստանի ձգտումն այլընտրանքներին։

«Մեր նպատակն է այլընտրանքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Դա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, բոլոր երկրներն աշխատում են այլընտրանքներ ունենալու ուղղությամբ: Այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքորոշումը կլիներ ոչ թե «տորպեդահարել» այդ գործընթացը, այլ ընդհակառակը՝ աշխատել ԵԱՏՄ մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ: Դա ճիշտ մոտեցում է, և Հայաստանը պատրաստ է աշխատել դրա շուրջ», - հայտարարել է Փաշինյանը ուրբաթ Ղրղզստանում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում:

Մեկնաբանելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցը՝ Փաշինյանը նշել է, որ սկզբում պետք է ընտրություն ստեղծել:

«Շատ հետաքրքիր նրբություն կա. ԵԱՏՄ մեր գործընկերները պաշտպանում են Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը, և ես բարձր եմ գնահատում նման դիրքորոշումը: Հանրաքվեն, անշուշտ, կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը անդամակցության հարցով, և պետք է ինստիտուցիոնալ առումով աշխատել դրա շուրջ», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ այսօր անհնար է հանրաքվե անցկացնել, քանի որ գոյություն չունի այդ հանրաքվեի առարկան:

«Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մենք չունենք, դրանք ոչ ոք չունի: Այժմ այն, ինչ տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում, միայն բացասական ընկալում է հրահրում ԵԱՏՄ-ի նկատմամբ ՀՀ-ում: Նկատի ունեմ այն սահմանափակումները, որոնք մեր հարգելի ռուս գործընկերները մտցրել են հայկական ապրանքների նկատմամբ», - նշել է Փաշինյանը:

Հայաստանը և ԵՄ-ն

2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին: Փաստաթուղթն արտահայտում է հանրապետության՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու մտադրությունը, բայց ինքնին չի նշանակում անդամակցության պաշտոնական հայտի ներկայացում:

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը և Եվրոպական միությունը հաստատեցին գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում քաղաքական, տնտեսական և ոլորտային բնագավառներում:

2026 թվականի մայիսին կայացավ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը: Համատեղ փաստաթղթերում Եվրոպական միությունը հաստատեց իր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների՝ երկրի ապագան ինքնուրույն և ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքին:

Հուլիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցով հանրաքվեի անցկացման հնարավորությանը, հայտարարեց, որ նման քվեարկության համար առարկա դեռևս չկա: