Рейтинг@Mail.ru
USD
366.25
EUR
422.73
RUB
4.4889
GEL
139.83
2026 թ. օգոստոսի 6, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են․ Ռուբինյանը՝ Մատվիենկոյին

Այսօր, 19:43
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
Հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են․ Ռուբինյանը՝ Մատվիենկոյին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։ Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։

Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո։

Զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու բաց երկխոսությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման նպատակով։

ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական անվտանգության պահանջների խախտումներով: Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Օգոստոսի 4-ին հայտնի դարձավ ՌԴ-ում «ԲՋՆԻ» և «Просто Азбука» ապրանքանիշերի ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի, այդ թվում՝ մանկական, և DARBAS ապրանքանիշի ոչ ալկոհոլային Մոխիտոյի վաճառքի կասեցման մասին:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: