Рейтинг@Mail.ru
USD
366.25
EUR
422.73
RUB
4.4889
GEL
139.83
2026 թ. օգոստոսի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+34

Օվերչուկ. Հայաստանը չի դիմել Ռուսաստանին «ՀԿԵ»-ի կոնցեսիան դադարեցնելու հարցով, Մոսկվան կողմ է դրա շարունակմանը

Այսօր, 13:18
Ռուսական կողմը կողմ է նրան, որ այդ հարցերը հանգիստ լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով, ասել է Օվերչուկը
Օվերչուկ. Հայաստանը չի դիմել Ռուսաստանին «ՀԿԵ»-ի կոնցեսիան դադարեցնելու հարցով, Մոսկվան կողմ է դրա շարունակմանը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Երևանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղ»-ու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական դիմումներ չեն ստացվել, Ռուսաստանը կողմ է դրա շարունակմանը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Կոնցեսիայի դադարեցման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չենք ունեցել։ Բայց մենք հանրային դաշտում մշտապես լսում ենք հայտարարություններ այդ մասին, կան առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ, որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։ Ինչպե՞ս կարելի է մի կոճը պոկել մյուսից։ Այնտեղ նման մտքեր են պտտվում»,- լրագրողներին ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օվերչուկի խոսքով՝ ռուսական կողմը կողմ է նրան, որ այդ հարցերը հանգիստ լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով:

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել և շարունակել կոնցեսիան Հայաստանում, մանավանդ որ այսօր «Ռուսական երկաթուղիներ»-ը, թերևս, միակ մասնագիտացված ընկերությունն է, որն ունակ է արդյունավետորեն կառավարել այդ երկաթուղին և զարգացնել այն»,- հավելել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ դեռևս 2026 թ.-ի հունվարին որոշումներ են կայացվել Հայաստանի երկաթուղիների երկու փոքր հատվածների վերակառուցմանն աջակցելու վերաբերյալ: «Հետաքրքիր է, որ հենց ՌԴ-ն հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել երկաթուղու այդ հատվածների վերականգնմանը, որոնք իսկապես ապահովում են հայկական երկաթուղիների կապն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, ուղղակի հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե իբր Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային Հայաստանին զրկում է երկաթուղիների զարգացման մասով ինչ-որ մրցակցային առավելություններից»,- նշել է նա:

Օվերչուկի խոսքով՝ շատ դժվար է գնահատել, թե ինչպես է ապահովվելու Հայաստանի երկաթուղիների կապը հիմնական արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապի:

ՀԿԵ-ի հարցով Հայաստանի ծրագրերի մասին

2026 թվականի փետրվարին Փաշինյանը չբացառեց Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ երկրի փոխանցելու հնարավորությունը, որը բարեկամական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ Քաթարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին:

Նա նաև հայտարարում էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև երկաթուղային հաղորդակցությունը կազմակերպել Հայաստանը շրջանցելով՝ նշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»:

Հուլիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի համատեքստում հնարավոր համարեց Ռուսաստանին 2 մլրդ դոլարի ֆինանսական պահանջներ ներկայացնելը: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավասու է օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ՝ արբիտրաժը: Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:

Ավելի ուշ՝ նույն օրը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարեց, որ ռուսական կողմը մտադիր է հավատարիմ մնալ կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է ներդրված միջոցների վերադարձ: