Subway միջազգային արագ սննդի ցանցը նախատեսում է ավելի քան 60 մասնաճյուղ բացել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Subway» միջազգային բրենդի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Էֆե Չելիքին և հայ ներդրող Լևոն Հայրապետյանին։
Քննարկվել են «Subway» միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները։ Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի մոտ 150,000-ից 300,000 ԱՄՆ դոլար, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզինգի մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Subway-ն արագ սպասարկման ռեստորանների ամերիկյան միջազգային ցանց է, որը հիմնադրվել է 1965 թվականին Կոնեկտիկուտ նահանգում: Մենյուի հիմքը կազմում են սենդվիչները, ռոլլերը և աղցանները, իսկ ցանցի հաստատությունների մեծ մասն աշխատում է ֆրանչայզինգային մոդելով: Աշխարհում գործում է Subway-ի ավելի քան 35 հազար ռեստորան, որոնք ղեկավարվում են անկախ ֆրանչայզիների կողմից: 2024 թվականից ընկերությունը պատկանում է ամերիկյան Roark Capital ներդրումային ընկերությանը: