Рейтинг@Mail.ru
USD
366.25
EUR
422.73
RUB
4.4889
GEL
139.83
2026 թ. օգոստոսի 6, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+33

Փաշինյանը նպատակ ունի մինչև 2031 թ.-ը ՀՀ-ին վերադարձնել 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք

Այսօր, 16:23
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026–2031 թթ.-ին ՀՀ-ին կամ համայնքներին պետք է վերադարձվի շուրջ 2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապօրինի օտարված գույք
Փաշինյանը նպատակ ունի մինչև 2031 թ.-ը  ՀՀ-ին վերադարձնել 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026–2031 թթ.-երին պետությանն ու համայնքներին պետք է վերադարձվի շուրջ 2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապօրինի օտարված գույք:

«Մենք այս խնդիրը դնում ենք կառավարության ծրագրում: Այն իրատեսական եմ համարում, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը սկսել է լիարժեք գործել»,- հինգշաբթի կառավարության նիստում ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է գործադրել օրենքով նախատեսված բոլոր մեխանիզմները:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր հերթին հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմի շրջանակում առայսօր վերադարձված գույքի արժեքը գնահատվում է 6.3 մլրդ դրամ (շուրջ 17.2 մլն դոլար):

«Ներկայումս միայն ապօրինի ծագում ունեցող գույքի մասով դատարաններում է գտնվում 172 հայցադիմում, որոնցով պահանջի չափը կազմում է 628.8 մլրդ դրամ: Բացի այդ, մենք պահանջում ենք բռնագանձել 1486 միավոր անշարժ գույք, 371 միավոր շարժական գույք, մասնակցություն 464 իրավաբանական անձանցում, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464.6 մլրդ դրամ»,- նշել է Վարդապետյանը։