Рейтинг@Mail.ru
USD
367.01
EUR
422.5
RUB
4.526
GEL
140.08
2026 թ. օգոստոսի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

ՀՀ-ից Ռուսաստան արտահանման կրճատումը կարող է ազդել ՀՀ ՀՆԱ-ի մինչև 1.5–2%-ի վրա. ԿԲ փոխնախագահ

Այսօր, 10:16
Հայկական ապրանքների՝ ՌԴ արտահանման կրճատման կամ դադարեցման դեպքում ռիսկի տակ կարող է հայտնվել Հայաստանի տնտեսության այն հատվածը, որը համապատասխանում է ՀՆԱ-ի մոտավորապես 1,5–2%-ին, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը
ՀՀ-ից Ռուսաստան արտահանման կրճատումը կարող է ազդել ՀՀ ՀՆԱ-ի մինչև 1.5–2%-ի վրա. ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման կրճատման կամ դադարեցման դեպքում ռիսկի տակ կարող է հայտնվել Հայաստանի տնտեսության այն հատվածը, որը համապատասխանում է ՀՆԱ-ի մոտավորապես 1,5–2%-ին», - հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

«Վերլուծական նյութերում մենք նշել ենք, որ նման դեպքում կարող են առաջանալ մի քանի հետևանքներ։ Նախ, համապատասխան ապրանքների գների անկում կլինի: Օրինակ՝ նման իրավիճակ արդեն նկատվել է ձկան պարագայում», - երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասել է Խաչատրյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Որպես երկրորդ հնարավոր հետևանք՝ նա նշել է համապատասխան ոլորտներում զբաղվածություն ունեցող քաղաքացիների և ընկերությունների եկամուտների կրճատումը: «Սա, իր հերթին, նշանակում է պահանջարկի նվազում տնտեսությունում ընդհանուր առմամբ, քանի որ այդ մարդկանց եկամուտների կրճատման դեպքում կնվազի նաև նրանց սպառման ծավալը», - նշել է ԿԲ փոխնախագահը:

Կարգավորող մարմինը ռիսկը գնահատում է ՀՆԱ-ի մոտավորապես 1.5-2%-ի չափով։

«Խոսքը տնտեսության այն հատվածի մասին է, որը կարող է խոցելի դառնալ մատակարարումների կրճատման, դրանք դեպի այլ շուկաներ վերահասցեագրման կամ ապրանքներն ավելի ցածր գներով իրացնելու դեպքում», - ասել է Խաչատրյանը:

ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական անվտանգության պահանջների խախտումներով: Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Օգոստոսի 4-ին հայտնի դարձավ ՌԴ-ում «ԲՋՆԻ» և «Просто Азбука» ապրանքանիշերի ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի, այդ թվում՝ մանկական, և DARBAS ապրանքանիշի ոչ ալկոհոլային Մոխիտոյի վաճառքի կասեցման մասին:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: