Կառավարության կադրային բանկ կձևավորվի
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստան Կառավարության կադրային բանկ կձևավորվի, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Ուրախ եմ արձանագրել, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության», – նշել է վարչապետը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։
«Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։
Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձեւաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել եւ առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը», – նշել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին եւ հանրությանը՝ այս նախաձեռնությանը ցուցաբերած մեծ աջակցության համար։