Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+34

Ռուսաստանում անհիմն են համարել Հայաստանի հնարավոր պահանջները ՀԿԵ–ի մասով հավելավճարի վերաբերյալ

Այսօր, 16:24
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անհիմն է անվանել հարցի այն դրվածքը, թե ՌԴ-ն պետք է հավելավճար վճարի Հայաստանին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
Ռուսաստանում անհիմն են համարել Հայաստանի հնարավոր պահանջները ՀԿԵ–ի մասով հավելավճարի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անհիմն է անվանել հարցի այն դրվածքը, թե ՌԴ-ն պետք է հավելավճար վճարի Հայաստանին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում:

«ՀԿԵ-ն ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում մենք արդեն ներդրել ենք ավելի քան 30 միլիարդ ռուբլի, ձեռք ենք բերել նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքը պայմանագրային պարտավորությունների հիման վրա», — հայտարարել է Ռեշետնիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ եթե այդ պարտավորությունները վերանայվեն միակողմանի կարգով, և ռուսաստանցի ներդրողին վնաս պատճառվի, Ռուսաստանը հիմքեր կունենա պահանջելու դրա փոխհատուցումը:

«Հարցի այն դրվածքը, թե Ռուսաստանը նման իրավիճակում պետք է ինչ-որ հավելավճար վճարի Հայաստանին, անհիմն է», — ասել է նախարարը:

Այսպես է Ռեշետնիկովը մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի կառավարման և ՀԿԵ կոնցեսիայի հետ կապված հարցերի կարգավորման՝ օրենքով նախատեսված մեխանիզմներին հնարավոր դիմելու վերաբերյալ:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը գտնվում է հանրապետության սեփականության ներքո և փոխանցված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է: Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով:

Հուլիսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարել 2 միլիարդ դոլարի չափով ֆինանսական պահանջները Ռուսաստանի նկատմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի համատեքստում: Նրա խոսքով՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունն իրավունք ունի օգտագործել օրենքով նախատեսված ցանկացած մեխանիզմ, ներառյալ արբիտրաժը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն ակնկալում է հարցը կարգավորել բարեկամական ձևաչափով՝ ռուսական կողմի հետ երկխոսության միջոցով:

Ավելի ուշ նույն օրը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել է, որ ռուսական կողմը մտադիր է հավատարիմ մնալ կոնցեսիոն համաձայնագրի պայմաններին և Հայաստանի կողմից դրա դադարեցման կամ փոփոխման դեպքում ակնկալում է ներդրված միջոցների վերադարձ:

ՀԿԵ-ի հարցով Հայաստանի ծրագրերի մասին

2026 թվականի փետրվարին Փաշինյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման իրավունքը մեկ այլ երկրի՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին բարեկամական երկրին, մասնավորապես Կատարին, ԱՄԷ-ին կամ Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:

Նա նաև հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակում մի շարք երկրներ առաջարկում են երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև՝ շրջանցելով Հայաստանը՝ մատնանշելով, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո: Նրա խոսքով՝ դրա պատճառով «Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը»: