Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Starbucks սուրճի ցանցը հետաքրքրված է հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ

09.10.2025, 09:59
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Starbucks-Alshaya Group Eurasia-ի փոխնախագահին և անշարժ գույքի գծով տնօրենին
Starbucks սուրճի ցանցը հետաքրքրված է հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին և անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նրանք ներկայացրել են Starbucks-ի առաքելությունը, նշելով, որ խոշորագույն այս ցանցը այսօր ներկայացված է շուրջ 86 երկրում, ունի 40 հազարից ավել սուրճի կետեր և հետաքրքրված է ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում։

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտում առկա ներուժին, ենթակառուցվածքների կատարելագործման հնարավորություններին, Հայաստանում սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին և աճի միտումներին։

«Բարձրորակ միջազգային ներդրումների ներգրավումը Հայաստանի համար առաջնահերթություն է, և մենք Ձեր այցելությունն արժևորում ենք որպես խոստումնալից քայլ այդ ուղղությամբ»,-ասել է Պապոյանը։

Նրա խոսքով, Հայաստանը առաջարկում է կայուն, բաց և բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ և բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաև դինամիկ զարգացող և մրցունակ սպառողական շուկայի վրա։

Հանդիպման ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաև մեր երկրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու «Enterprise Armenia»-ի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը։