Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ–ն համատեղ ներդրումային նախագծեր է քննարկել ԵԱԶԲ–ի ներկայացուցիչների հետ

06.07.2023, 14:26
Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչների հետ
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ–ն համատեղ ներդրումային նախագծեր է քննարկել ԵԱԶԲ–ի ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի հետ սերտ համագործակցությանը վերաբերող հարցեր , ինչպես նաև նոր ներդրումային ծրագրեր ՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, տեխնիկական աուդիտի և կապիտալ վերանորոգման հետ կապված», – հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Բաբկեն Սեդրակյանը անդրադարձել է նաև նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։

Ավելի վաղ բանկի նախագահի տեղակալ Դենիս Իլյինը հաստատել էր, որ բանկը հետաքրքրված է Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը մասնակցելու հարցով։ «Մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրամաշնորհի տեսքով և հետազոտական ասպեկտները, և նախնական նախագծային փաստաթղթերի մշակումը... Անհրաժեշտ են կոնկրետ փաստաթղթեր և ֆինանսական մոդել», – նշել է Իլյինը։

Ինչպես հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը, հանդիպման շրջանակում Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է «Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ-ի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տրանսմաշհոլդինգ» ընկերության առաջարկությունների և ծառայությունների ամբողջական փաթեթները՝ շարժակազմի նախագծումից և զարգացումից մինչև սպասարկում ու թվային երթևեկության վերահսկման համակարգերի ներդրում։

Սեդրակյանը հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։

Երևանի մետրոպոլիտենի մասին

Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն այժմ ունի 10 կայարան, որոնց ընդհանուր երկարությունն ավելի քան 12կմ է։ Մետրոպոլիտենի վագոնների պարկը բաղկացած է 45 վագոններից, շահագործվում է 33 վագոն։ Նախատեսվում է կառուցել երկու կայարան` «Աջափնյակ» և «Սուրմալու»։

ԵԶԲ–ի մասին

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում Եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԶԲ–ն աջակցում է մասնակից երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան , Ղրղըզստան, Ռուսաստան և Տաջիկստան) տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, համակողմանի զարգացմանը։

ԵԶԲ–ն կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար։ ԵԶԲ–ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը կազմում են ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում։–0–