Բարաք և Միշել Օբամաներն ամուսնալուծվում են
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամուսնությունը վտանգված է, National Enquirer պարբերականին է հայտնել Սպիտակ տան աղբյուրը։ Համացանցից օգտվողների համար արգելափակվել է պարբերականի մուտքը, սակայն այդ նորությունն արդեն տարածվել է այլ ԶԼՄ–ներում, գրում է vesti.ru–ն։
National Enquirer–ի հոդվածը մեջբերում է Showbiz Spy պարբերականը։ Դրանից հետևում է, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը Սպիտակ տան տարբեր սենյակներում են գիշերում։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ 21 տարվա ամուսնությունից հետո Միշել Օբաման որոշել է ամուսնու անունը հանել Չիկագոյի տան գրանցումից։ Դատելով ԶԼՄ–ների հաղորդագրություններից` նախագահական զույգը լրջորեն քննարկում է ամուսնալուծության հարցը։
«Արդեն մի քանի տարի է, որ նրանց հարաբերությունները բարդ ընթացք են ստացել։ Չեն բաժանվել միայն հանուն երեխաների և Բարաք Օբամայի քաղաքական կարիերայի»,– լրագրողներին է ասել ամերիկացի նախագահի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, որը չի ցանկացել, որ իր անունը նշվի։ Ըստ նրա տվյալների, Միշել Օբաման արդեն հանդիպել է փաստաբանների հետ, ովքեր զբաղվում են ամուսնալուծության հարցերով և տեղեկացրել ամուսնուն, որ ցանկանում է առանձին ապրել։
«Այժմ Միշելը չափազանց զայրացած է։ Նա իրեն վիրավորված է զգում ամբողջ աշխարհի առջև։ Նա հայտնել է ամուսնուն, որ այլևս չի պատրաստվում դիմանալ»,– տեղեկացրել է ամերիկյան պարբերականի զրուցակիցը։ Այդուհանդերձ, ըստ նրա տեղեկատվության, մինչև Բարաք Օբամայի նախագահական ժամկետի ավարտը, Միշել Օբաման կմնա Սպիտակ տանը։ Իսկ ահա հետո ամուսինները հավանաբար առանձին կապրեն։ Տեղեկացվում է, որ ԱՄՆ–ի առաջին տիկինն արդեն հավաքել է իրերը և պատրաստվում է մեկնել Չիկագո։
Պետք է նշել, որ ՀԱՀ–ի նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ Միշել Օբաման բավական սրտնեղած տեսք ուներ։ Նա ակնհայտորեն դժգոհ էր ամուսնու վարքից, ով սգո միջոցառման ժամանակ զվարճանում էր և լուսանկարվում գործընկերների հետ, որոնց թվում էր նաև Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիդտը։
Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ հասարակ ամերիկացիները նամակներ են հղում, որոնցում ցավակցում և սատարում են նախագահի կնոջը, ինչպես նաև ցասում և բարկություն են հայտնում նախագահի հանդեպ։ «Նույնիսկ Օբամայի մտերիմ խորհրդականները ու նրա ընկերները` Վալերի Ջարետը, հիասթափված են նրանից,–ասել է զրուցակիցը։ –Բարաքը նախկինում նույնպես վիրավորել է Միշելին, սակայն ՀԱՀ–ի միջադեպը բոլորի աչքի առջև էր։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ նախագահը ոչ մի գրամ չի հարգում իր կնոջը»։ Առաջին տիկինը մարդկանց ներկայությամբ չի վիճել ամուսնու հետ, սակայն Սպիտակ տուն վերադառնալուն պես պայթել է։
Ըստ աղբյուրի, Բարաք Օբաման շուտով ստիպված կլինի սնանկանալ. Ամուսնալուծությունը մի ամբողջ կարողություն կարժենա։
Ընդ որում, հայտնի չէ, թե արդյոք կարելի է վստահել այդ տեղեկատվությանը, քանի որ ավելի վաղ նշվել էր, որ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Բարաք և Միշել Օբամաները, ըստ ավանդույթի, երեխաների հետ մեկնել են Հավայան կղզիներ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:36 25.12.2013