Galeries Lafayette ֆրանսիական խանութը հնարավոր է բացվի Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Galeries Lafayette հայտնի ֆրանսիական ցանցի խանութը հնարավոր է բացվի Ռուսաստանում, նրա գործընկերները կարող են դառնալ շքեղ իրերի խոշորագույն ռուսական վաճառող Mercury խումբը կամ Ալեքսանդր Մամուտի և Եվգենի Բուտմանի Ideas4retail–ը, հինգշաբթի գրում է «Կոմերսանտ» թերթը` հղում անելով անշարժ գույքի շուկայի խորհրդատուներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրանց` Galeries Lafayette–ը Մոսկվայում արդեն առևտրային տարածքներ է փնտրում։ Galeries Lafayette–ի հետ բանակցությունները տարվել են 2012թ.–ին, հաստատում է Ալեքսանդր Մամուտը, «սակայն մինչ օրս վերջակետ չի դրվել»։ Mercury–ից հրաժարվել են մեկնաբանություններ տալ, Galeries Lafayette–ը չի պատասխանել պարբերականի հարցին։
Galeries Lafayette–ը հիմնադրվել է 1894թ.–ին Ալֆոնս Կանի և Տեոֆիլ Բադերի կողմից, 2012թ.–ին շրջանառությունը հասել է 2,3 մլրդ եվրոյի։ Ընկերությունը շուրջ 250 խանութ է աշխատեցնում ամբողջ աշխարհում, որոնք օրական այցելում է 1 մլն մարդ։ Հիմնական խանութը գտնվում է Փարիզում` «Գրանդ–Օպերայի» մոտ, երկու մյուս խոշոր խանութները տեղակայված են Դուբայում և Կասաբլանկայում։
Jones Lang LaSalle ռիթեյլերների ծառայությունների բաժնի ավագ խորհրդատու Ելենա Զադորոժնայան հիշեցնում է, որ ռուս դևելոպերները, խոշոր ռիթեյլերները և ներդրողները մի քանի տարվա ընթացքում փորձում են ներգրավել Galeries Lafayette–ը. ապրանքանիշը ռուս սպառողների համար ամենահայտնիներից մեկն է խանութների շրջանում։ –0–