Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը սեպտեմբերին նախատեսում է բարձրացնել երկրի` ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

19.06.2014, 12:06
Սեպտեմբերին կարող է վերանայվել ՌԴ տնտեսական աճի ընթացիկ տարվա կանխատեսումը. դրա համար կան բոլոր նախադրյալները։ ՀՆԱ-ի դինամիկայի գործում դեր կխաղա նաև «Գազպրոմի»` Չինաստանի հետ կնքած գազամատակարարման պայմանագիրը, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է banki.ru-ն:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը սեպտեմբերին նախատեսում է բարձրացնել երկրի` ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերին կարող է վերանայվել ՌԴ տնտեսական աճի ընթացիկ տարվա կանխատեսումը. դրա համար կան բոլոր նախադրյալները։ ՀՆԱ-ի դինամիկայի գործում դեր կխաղա նաև «Գազպրոմի»` Չինաստանի հետ կնքած գազամատակարարման պայմանագիրը, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է banki.ru-ն:

Նախարարությունը մայիսի վերջին ավելի վաղ կանխատեսված 1,1 տոկոսից 0,5 տոկոսի էր իջեցրել 2014 թ.-ին ՀՆԱ-ի աճի նկատմամբ բազային գնահատականը: Ռուսաստանի տնտեսությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ լճացումից, որը սկսվել է նախորդ տարվա երկրորդ կեսին: Իրավիճակն ավելի վատացավ ռուսական ձեռնարկությունների հիմնական կապիտալում ներդրումների անկման և այս տարվա առաջին ամիսներին կապիտալի արտահոսքի պատճառով` Ուկրաինայում տեղի ունեցած ճգնաժամի պատճառով առաջացած աշխարհաքաղաքական ռիսկերի և ՌԴ-ին Ղրիմի միացման ֆոնին: Հունվար-ապրիլի արդյունքում ՀՆԱ-ի աճը կազմել է 1 տոկոս:

«Այս տարի մենք պաշտոնական կանխատեսում ունենք՝ 0,5 տոկոս, սեպտեմբերին մենք այն, ամենայն հավանականությամբ, կվերանայենք, կարծում եմ, որ ավելի շատ հնարավորություններ կան, որ «Գազպրոմի» չինական պայմանագրի արդյունքում ցուցանիշը շտկվի դեպի բարձրացում», - ասել է նախարարը լրագրողներին:

Միաժամանակ Ուլյուկաևը հրաժարվել է նշել, թե տնտեսության աճին վերաբերող ճշտված կանխատեսումը 1 տոկոսից ավել, թե պակաս է լինելու՝ համարելով, որ վաղաժամ է խոսել դրա մասին: Ավելի վաղ նա նշում էր, որ չինական պայմանագրի ներդրումը տնտեսության աճի տեմպերը 0,3-0,4 տոկոսով կավելացնի:

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը հույս ունի, որ 2015 թ.-ից ՀՆԱ-ի աճի տեմպերը կարագանան` չնայած ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան այս շաբաթ կասկածի տակ է դրել նման հեռանկարը՝ նշելով, որ ՌԴ տնտեսության խնդիրների հիմնական պատճառները կառուցվածքային են: ԿԲ-ի հաշվարկներով՝ ՀՆԱ-ի աճը 2015-16 թթ.-ին կկազմի միայն 0,9-1,9 տոկոս նախարարության 2,5-2,3 տոկոս կանխատեսման դեպքում:

«Ես չգիտեմ, թե նա (Նաբիուլինա, խմբագրություն) ինչ-որ մանրադիտակ կամ հեռադիտակ ունի, որ կարողանա այդքան ճշգրիտ կանխատեսում անել՝ այս տարի 0,4 տոկոս, այլ ոչ թե 0,5 տոկոս (նախարարության կանխատեսումը), 2015 թ.-ին՝ 0,9 տոկոս, ինձ ապշեցնում է նման ճշգրտությունը: Կարծում եմ, որ ավելի լավ կլինի», - մեկնաբանել է Ուլյուկաևը ՌԴ ԿԲ-ի գնահատականը:

Խոսելով ներդրումների հետ կապված իրավիճակի մասին՝ նախարարը նշել է, որ հինգ ամսվա հստակ տվյալներ դեռ չկան, թեև ներդրումների անկման դինամիկան ավելի սրընթաց է դառնում:

«Հետո բարձրացման միտում կնկատվի, սակայն մենք տարվա կտրվածքով ներդրումների բացասական կանխատեսում ենք տալիս», - նշել է Ուլյուկաևը: Նախարարությունը 2014 թ.-ին ներդրումների 2,4 տոկոսանոց անկում է սպասում:-0-