Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Երևանում 4 մարդու դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է

27.11.2017, 12:31
Նոյեմբերի 26–ին 4 մարդ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել է։
Երևանում 4 մարդու դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2017 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ, պարզվել դեպքի վայրը։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):  Չորս անձ ճանաչվել է տուժող, որոնց թվում կան նաև ոստիկանության աշխատակիցներ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ։

Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել։ Կասկածյալը ձերբակալվել է: 

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–