ԵՏՄ–ին անդամակցությունը Հայաստանի աշխատանքային միգրանտներին թույլ կտա տարեկան մոտ 15 մլն դոլար խնայել
2015 թվականի հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ փաստացի աշխատանքի իրավունքով հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիներին։ Ի՞նչ առավելություններ կստանան աշխատանքային միգրանտները Միությանը Հայաստանի անդամակցությունից, ինչպե՞ս կլուծվեն միգրացիոն «սև» ցուցակներում հայտնված մեր հայրենակիցների խնդիրները և շատ այլ հարցերի «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատասխանել է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
ԱՌԿԱ – Պարոն Եգանյան, 2015 թվականի հունվարի 2–ից Հայաստանի քաղաքացիներն աշխատանքի իրավունքով հավասարեցվել են ԵՏՄ քաղաքացիներին։ Այդ իմաստով ի՞նչ հնարավորություններ են բացվում նրանց համար։
Գ. Եգանյան – Միայն այն, որ Ռուսաստանի տարածքում աշխատող Հայաստանի քաղաքացիներն ազատվում են աշխատանքի պատենտ գնելուց, թույլ կտա տարեկան խնայել մոտ 15-16 մլն դոլար։ ԵՏՄ–ի մասին պայմանագրի համաձայն` մեր քաղաքացիները սոցիալապես ապահովված կլինեն Միության անդամ երկրների օրենսդրությունների շրջանակում։ Մասնավորապես, նրանք կկարողանան օգտվել ընտանեկան նպաստներից, ստանալ անհապաղ բժշկական օգնություն, իսկ նրանց երեխաները` սովորել դպրոցներում և բուհերում։ Կենսաթոշակային ապահովման հարցի մասին կխոսվի առանձին։
ԱՌԿԱ – Իսկ ինչպե՞ս է լուծվում Հայաստանի այն քաղաքացիների հարցը, ովքեր հայտնվել են միգրացիոն «սև» ցուցակում և ում համար մուտքը Ռուսաստան արգելված է։
Գ. Եգանյան – 2014 թվականի հունիսից մինչ օրս Հայաստանի պետական միգրացիոն ծառայությունն ավելի քան չորս հազար դիմում է ստացել այն մարդկանցից, ում արգելվել է մուտք գործել Ռուսաստան։ Դրանցից ավելի քան 3 հազարն ուղարկվել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն։ Հարկ է նշել որ ռուսական կողմից բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերվում, և դիմումների մոտ 22 տոկոսին դրական ընթացք է տրվել։
Ըստ ռուսական աղբյուրների` այսօրվա դրությամբ ավելի քան 3 մլն. մարդ հայտնվել է ՌԴ օրենսդրական նորմերը խախտած անձանց ցուցակում, ինչի արդյունքում նրանց արգելվել է տասը տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան։ Նրանցից 180 հազարը Հայաստանի քաղաքացի է։ Մոտ 50-60 հազար մարդ արդեն լքել է Ռուսաստանի տարածքը, և նրանց հիմնական մասը Հայաստան է վերադարձել։ Այդ քաղաքացիների խնդիրները լուծելու համար համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Պետական միգրացիոն ծառայության և ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության միջև։ Ռուսաստան մուտքի արգելքը հանելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն մեզ` միգրացիոն ծառայություն, որը այդ դիմումներն ուսումնասիրելուց հետո դրանք կփոխանցի ՌԴ ԴՄԾ-ին։
ԱՌԿԱ – Քաղաքացիների ո՞ր կատեգորիան կարող է գործի դրական ելքի հույս ունենալ նախևառաջ։
Գ. Եգանյան – Նախևառաջ դիտարկվում են մերժվածների ցուցակում հայտնված քաղաքացիների գործերը, երբ խոսքն ընտանիքի բաժանման, բուժման անհրաժեշտության, ուսումը շարունակելու մասին է։
ԱՌԿԱ –Պետական միգրացիոն ծառայությունն ունի՞ 2014 թվականին Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտների ճշգրիտ վիճակագրություն։ Ինչպիսի՞ն է դինամիկան նախորդ տարիների համեմատ։
Գ. Եգանյան – Ճշգրիտ պաշտոնական վիճակագրություն չկա, կան միայն մոտավոր գնահատականներ։
ԱՌԿԱ – Մի շարք ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` աշխատանքային միգրանտներն արտադրում են ՌԴ ՀՆԱ–ի ոչ պակաս, քան 8-10 տոկոսը, և յուրաքանչյուր միգրանտ տուն ուղարկած ամեն դոլարի դիմաց Ռուսաստանում թողնում է 4-5 դոլար։ Ուսումնասիրություններ անցկացվե՞լ են, արդյոք, պարզելու համար Ռուսաստանում հայ միգրանտների աշխատանքային արդյունավետությունը։
Գ. Եգանյան – Այդպիսի ուսումնասիրություններ մեզ մոտ չեն անցկացվում։ Կարող եմ ասել միայն, որ մեր միգրանտը Հայաստան մեկ դոլար ուղարկելու համար Ռուսաստանի տնտեսությունում ունենում է մոտ 7 դոլարի ներդրում։ Ենթադրենք, եթե Ռուսաստանից Հայաստան ամեն տարի ստացվում են 1.5 մլրդի տրանսֆերտներ, ապա կարելի է մոտավոր հաշվել, թե որքան է մնում Ռուսաստանում։
ԱՌԿԱ – Կարելի՞ է, արդյոք, հետագայում ՌԴ–ի կողմից աշխատանքային միգրանտների, մասնավորապես, հայ միգրանտների նկատմամբ քվոտաների ներդրում ակնկալել։
Գ. Եգանյան - Ինչ վերաբերում է հայ միգրանտներին, ապա դա բացառված է, քանի որ Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է, ինչը բացառում է ինչ–որ սահմանափակումների հնարավորությունը և ենթադրում է աշխատուժի ազատ տեղաշարժ։ Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ չհանդիսացող այլ երկրներին, ապա նրանց նկատմամբ կան որոշակի քվոտաներ, որոնք կարգավորվում են պատենտներով։
ԱՌԿԱ – Իսկ կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում էլ կհայտնվեն աշխատանքային միգրանտներ ԵՏՄ անդամ երկրներից։
Գ. Եգանյան – Հայաստանը գրավիչ չէ աշխատանքային միգրանտների համար, այդ պատճառով աշխատանքային միգրանտների հոսք չի նկատվում։ Համենայն դեպս` ներկայում։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով` տնտեսության զարգացման մակարդակով, աշխատավարձերի չափով, այլ երկրների ընդհանուր սոցիալ–տնտեսական իրավիճակով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:27 10.02.2015