Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ կան առաջխաղացումներ Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի շինարարության հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կան առաջխաղացումներ Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի շինարարության հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես հայտնի է, դրա մասին (Զանգեզուրի միջանցքի, խմբգր.) խոսվում է նոյեմբերի 10–ի համատեղ հայտարարության մեջ։ Դրանից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով ձևավորված աշխատանքային խմբի նիստերին այդ հարցում ձեռնարկվել են շատ լուրջ քայլեր։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի», – ասել է Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ մեկնարկել է Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)– Աղբանդ (Ադրբեջան) երկաթուղու շինարարությունը, կկառուցվի 15–16 կմ երկարության պակասող հատվածը` ադրբեջանական Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման։ Նրա խոսքով, արդեն գործում է Նախիջևանի երկաթուղին, իրականացվում են ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնափոխադրումներ, և Հորադիզ–Աղբանդ հատվածի կառուցումից հետո կստեղծվի ամբողջական ենթակառուցվածք Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ալիևը նաև պարզաբանել է, թե ինչու է այդ հարցը քննարկվում Ռուսաստանի հետ։
«Հայկական երկաթուղին պատկանում է Ռուսաստանին։ Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ», – ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հետագայում նախատեսում է Արևելյան Զանգեզուրում տեղակայված Զանգիլանը կապել Արևմտյան Զանգեզուրի հետ, հետո Օրդուբադի տարածքով` Նախիջևանի և Թուրքիայի հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով (Սյունիքի մարզ)` կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ»։ Նա նաև Զանգեզուրն ու Երևանն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք» և խոստացել է «վերադառնալ այնտեղ»։–0–