Իշխող ՀՀԿ-ն ՀԱԿ հայտարարության մասին բողոք է ներկայացրել ՀՀ ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ կապված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունների հետ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքերով՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հեռուստաալիքներից մեկով ՀՀԿ-ի հասցեին մեղադրանք է հնչեցրել ընտրողների անձնագրերից անհետացող դրոշմակնիքների համատեքստում:
Սահակյանն ընդգծեց, որ տվյալ մեղադրանքները ՀԱԿ-ի համար քարոզչության միջոց են:
«Այդ պատճառով ես բողոք եմ ներկայացրել և ԿԸՀ-ից պահանջել եմ գործը քննության ուղարկել դատախազություն»,- ասաց նա:
Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ, ըստ իր ունեցած տեղեկատվության, ՀԱԿ-ը որևէ բողոք դեռևս ԿԸՀ չի ներկայացրել:
Կիրակի՝ մայիսի 6-ին Հայաստանում անցկացվում են ԱԺ ընտրությունները: Քվեարկությունն ընթանում է 1982 ընտրատեղամասերում և կշարունակվի մինչև 20:00-ն:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:--0--