Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Anadolu–ին։
«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա ևս հասկանում է։ Հիմա եկել է ժամանակը ստեղծելու նոր ճանապարհային քարտեզներ՝ իրատեսական հիմքերով։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»,- ասել է Էրդողանն իրեն ուղեկցող լրագրողներին Իրաքից վերադառնալու ճանապարհին։
Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։