Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Ձերբակալվել է ևս երկու անձ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով

17.08.2016, 17:07
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձերբակալվել է ևս երկու անձ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են քաղաքացիներ Դ. Կ.-ն և Գ. Ա.-ն՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով:

Ավելի վաղ, նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց՝ Վ. Մ.-ին և Ս.    Կ.-ին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Այսպիսով, 2016 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ, Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով քրեական հետապնդում է իրականացվում 4 անձի նկատմամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ 

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտ հուլիսի 30-ին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: 

Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-