ԵԱՀԿ ՄԽ–ն աշխատում է ԱՄՆ–ում Սարգսյան–Ալիև հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, դիվանագիտական շրջանակներում հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, մասնավորապես, ԱՄՆ–ն, ջանք չեն խնայում գագաթնաժողովի շրջանակում Սարգսյան–Ալիև հանդիպումը կազմակերպելու համար։
«Ադրբեջանական կողմն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Ալիևը կմասնակցի գագաթնաժողովին։ ԱՄՆ–ում միաժամանակ կլինի Թուրքիայի նախագահ Էրդողանը»,– նշվում է հաղորդման մեջ։
ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին Ալիևը նախօրեին ազատ է արձակել քաղբանտարկյալներին, որոնց առկայությունը, իր հերթին, դարձել է Ադրբեջանի և ԱՄՆ–ի հարաբերությունների սրման պատճառ, իսկ հայ զինվորի մահը սահմանում վկայում է այն մասին, որ առաջիկա օրերին իրավիճակն էլ ավելի կսրվի։
«Սարգսյան–Ալիև վերջին հանդիպումը Բեռնում մեծ դժվարությամբ կազմակերպվեց։ Ներկայում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Թուրքական կողմը շարունակում է ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու շուրջ»,– գրում են հրապարակման հեղինակները։ –0–