ԵԽԽՎ հակահայկական բանաձևերը հակասում են կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներին. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ հակահայկական բանաձևերը հակասում են կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներին, երեքշաբթի հայտարարեց ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը։
Հունվարի 25–ին ԵԽԽՎ–ում կներկայացվեն «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական զեկույցները։
«ԵԽԽՎ կանոնադրության հիմնարար սկզբունքները նախատեսում են այս կամ այն հարցի բազմակողմանի ուսումնասիրություն։ Այդ սկզբունքներով նախատեսվում է, որ զեկուցողները պետք է այցելեն բոլոր շահագրգիռ կողմերին», – նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` զեկույցներից մեկի հեղինակը Ռոբերտ Ուոլթերն է, ում կինը Ադրբեջանի քաղաքացի է, իսկ նա Ադրբեջանում լուրջ կապեր ունի և դարձել է Թուրքիայի քաղաքացի։
«Նա չի այցելել տարածաշրջան և գրել է, որ ադրբեջանցիներին արտաքսել են Լեռնային Ղարաբաղից, միաժամանակ ոչ մի խոսք չի ասել հայերի արտաքսման մասին, ինչը համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ է», – նշեց նա։
Բաբայանն ասաց, որ հայկական կողմը օտարերկրյա տարբեր պատվիրակություններին տեղեկացրել է ԵԽԽՎ կանոնադրության և սկզբունքների խախտման մասին։
«Սակայն հարկավոր է հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեզնից։ Մենք չենք ցանկանում բարձրաձայն հայտարարություններ անել, ամեն դեպքում կանենք ամեն ինչ`Հայաստանի համար բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով», – ասաց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-