ՀՀ ԱԺ հանձնաժողովների թիվը կրճատվեց

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
ՀՀԿ–ի առաջարկած որոշման նախագիծը ներկայացնելիս պատգամավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ հանձնաժողովների թվի փոփոխությունը պայմանավորված է նոր գումարման խորհրդարանի պատգամավորների թվի կրճատմամբ (131–ից 105), ցածր ծանրաբեռնվածությամբ և հանձնաժողովների արդյունավետությամբ։
«Մինչև 2005 թ.–ը խորհրդարանում եղել է վեց մշտական հանձնաժողով, որոնց թիվը սահմանադրական փոփոխություններից հետո աճել է` հասնելով 12–ի։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը լիարժեք չէ, և ռացիոնալիզացիայի կարիք կա, ինչի կապակցությամբ որոշ նմանատիպ ոլորտների լիազորությունները կմիավորվեն», – ասաց Թովմասյանը։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ խմբակցությունների միևնույն ներկայացուցիչը չի կարող ներառվել երկու տարբեր հանձնաժողովներում։
«Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանն իր հերթին առաջարկեց կրճատել հանձնաժողովների թիվը` հասցնելով 10–ը, որպեսզի դաշինքը ևս հնարավորություն ունենա գլխավորելու հանձնաժողովներից մեկը։
«Իշխող կուսակցությունը հատուկ է կրճատել հանձնաժողովների թիվը`հասցնելով 9–ի, որպեսզի զրկի ընդդիմությանը հանձնաժողով գլխավորելու հնարավորությունից։ Սա քաղաքական, այլ ոչ թե ռացիոնալ որոշում է», – ասաց Մարուքյանը։
Նման հայտարարությանն ի պատասխան` «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նման դեպքում հանձնաժողովների թիվը պետք է ավելացվի ևս մեկով, որպեսզի «Դաշնակցությունը» ևս կարողանա գլխավորել դրանցից մեկը, կամ պետք է կրճատել դրանց թիվն այնքանով, որպեսզի խմբակցությունը (այն բաղկացած է 7 պատգամավորից, խմբագրություն) կարողանա ունենալ ամենաքիչը մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր հանձնաժողովում։
ՀՀԿ–ի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ամփոփելով քննարկումների արդյունքները, հայտարարեց, որ հանձնաժողովների թվի ավելացումը չի նշանակում, որ դրանք պարտադիր կգլխավորեն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
2017 թ.–ի ապրիլի 2–ի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ է անցել չորս քաղաքական ուժ` իշխող ՀՀԿ–ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ–ն (7)։–0–