ՀՀ ԱԺ փոխխոսնակը հույս ունի, որ Գերմանիայի Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ Գերմանիայի Բունդեսթագը կընդունի 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:
Ինչպես հայտարարեց Շարմազանովը Բունդեսթագի փոխխոսնակ Էդելքար Բուլմահնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, այսօր ցեղասպանությունների հերքումն ու լռության մատնելը հավասարազոր է հանցագործության:
«Մենք հույս ունենք, որ մեր գերմանացի գործընկերները մեծ առաքելություն կկատարեն` ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայում բնակված քրիստոնյա այլ ազգերի ցեղասպանությունը», - հայտարարեց նա:
Շարմազանովն ավելացրեց, որ Բուլմահնը ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն է: «Մենք կարծում ենք, որ միայն դատապարտելով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը` կարելի է կանխարգելել նոր ցեղասպանությունները», - նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Բուլմահն, իր հերթին, հայտարարեց, որ Բունդեսթագում ներկայացված բանաձևում առաջին հերթին դատապարտվում են հայերի և Օսմանյան Թուրքիայում բնակված այլ քրիստոնյա փոքրամասնությունների տարհանումն ու բռնությունը: Նրա կարծիքով, կարևոր է պահպանել ցեղասպանության զոհերի մասին հիշատակը:
«Մենք դատապարտել ենք նաև կատարվածում Գերմանիայի տխրահռչակ դերակատարությունը, որը Թուրքիայի դաշնակիցն էր: Դատապարտել ենք նաև այն փաստը, որ նա այդպես էլ չի կանխարգելել այդ հանցագործությունը», - ընդգծեց նա:
Բումլահնի խոսքով, 1998 թ.-ին գերմանական կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերն վկայում են, որ ժամանակին Գերմանիան դիվանագիտական խողովակներով տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձությունների մասին: «Բանաձևում նշվում է նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մասնկացության մասին, և նա ստանձնում է պատմական պատասխանատվությունը», - ընդգծեց Բունդեսթագի փոխխոսնակը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-