ՀՀ նախագահ. Համազգային տոնը` Հայաստանի անկախության 25–ամյակը ենթադրում է անցած ճանապարհի ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ համազգային տոնը ենթադրում է անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում», – Սարգսյանի խոսքերը մեջբերում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանը երեքշաբթի նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք և ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մոտ։ Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ կարևոր են ու ազդեցիկ մեր հասարակության համար», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Սարգսյանի խոսքով` Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով:
«Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք», – նշել է նախագահը։
Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և անձամբ իր անունից շնորհավորել է պարգևատրվող անձանց։
«Շնորհակալություն, որ դուք կաք: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք և անսպառ եռանդ ձեր գործունեության մեջ, քանի որ դուք բացառիկ ու շնորհակալ գործ եք կատարում, և շատ վստահ եմ, որ շարունակելու եք անել մեր երկրի և ժողովրդի համար ամեն հնարավորը: Անելու եք հանո՛ւն Հայաստանի: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ», – նշել է ՀՀ նախագահը։ –0–