ՀՀ նախագահ. Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը», – նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ–Էվոլյուցիա» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, հայկական զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։ Հայաստանը լուրջ սպառազինություններ է ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։
«Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ», – ասել է Սարգսյանը։
«Մենք և′ այն ժամանակ և′ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը», – ընդգծել է ՀՀ նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-