ՀՀ նախագահ. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել ՀՀ–ի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ԱԳՆ–ում հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:
«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում», – ասել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն շարունակելու է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
«Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք», – նշել է ՀՀ նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:40 30.01.2018