ՀՀ նախագահ. հայ ժողովրդի համար վիրավորական է գնալ միակողմանի զիջումների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ ժողովրդի համար վիրավորական է գնալ միակողմանի զիջումների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցերի Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
«2008 թ.–ին ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի բանակցություններ Թուրքիայի հետ, ինչի արդյունքում տեղի ունեցավ նախագահների հանդիպումը», – ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով, 2009 թ.–ին կողմերը Ցյուրիխում ստորագրեցին երկու փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերություններ հաստատելու մասին։
2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։
Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։
«Փաստաթղթերում հստակ նշվում էր, որ այդ փոխհարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների, որոնք Թուրքիան շարունակում է առաք քաշել մինչ օրս։ Մենք չենք հանդիպել նման դեպքերի միջազգային պրակտիկայում , բոլոր հարցերը քննարկվում են մինչև փաստաթղթերի ստորագրումը», – ավելացրել է Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը երբեք չի ընդունի որևէ նախապայման։
«Թուրքիան հզոր պետություն է, ունի մեծ ներուժ, սակայն դա չի թույլատրում նրան Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով։ Մեզ համար անընդունելի էնման մոտեցումը», – ընդգծել է Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ մինչև գարուն հայ–թուրքական արձանագրությունները կճանաչվեն անվավեր` ավելացնելով, որ Թուրքիան պետք է հրաժարվի իր քաղաքականությունից։
«Ճիշտ կլինի, եթե Թուրքիան հրաժարվի նման դիրքորոշումից և Ադրբեջանին աջակցելուց` տարածաշրջանում փխրուն կայունությունը պահպանելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թ.–ի ապրիլին Թուրքիան միակ երկիրն էր, որ հրապարակային կերպով աջակցում էր Ադրբեջանի ռազմական գործողություններին», – նշել է Սերժ Սարգսյանը։–0–