ՀՀ նախագահ. Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը խորանում է
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ /. Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի մամուլի հաղորդագրությունում։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ»:
Նախագահն ընդգծել է, որ տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխշահավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, իրականացվում են հեռանկարային ներդրումային ծրագրեր, թափ են առնում միջտարածաշրջանային և հումանիտար կապերը:
«Մեր երկրների երկկողմ փոխգործակցության ռազմավարական բնույթը բազմապատկվում է միջազգային բազմակողմ և տարածաշրջանային հարթակներում կառուցողական գործընկերությամբ: Երևանն ու Մոսկվան ակտիվ մասնակիցներ և հուսալի դաշնակիցներ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման մասշտաբային խնդիրների լուծման և Հարավային Կովկասում ու ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանուն խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման գործում»,– նշել է ՀՀ նախագահը:
Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում:
Նա նշել է նաև, որ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ պայծառ էջեր կան գրանցված, և հայկական կողմը բարձր է գնահատում այդ ընդհանուր ձեռքբերումը: «Վստահ եմ, որ այս նշանակալի օրը և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ամբողջ հոբելյանական տարին կնշանանավորվեն բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համատեղ ջանքերով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան»,– նշվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: -0-