Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին

09.11.2016, 14:50
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։

«Մեծարգո պարոն Թրամփ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը», – նշվում է ՀՀ նախագահը  շնորհավորական ուղերձում։

Ուղերձում նաև նշվում է, որ ՀՀ նախագահը հավատացած է, որ Թրամփը ջանք չի խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:

«Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում», – նշել է ՀՀ նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հայ–ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում:

«Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը: Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների և ի բարօրություն նրա ժողովրդի: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը», – նշվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում։

Թրամփը հավաքել է ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը` 218 անդամների ձայնը։ Հանրապետականի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, Քլինթոնի օգտին` 55,8 մլն։

Վերջինը Վիսկոնսին և Միչիգան նահանգներում Թրամփի հաղթանակի մասին տվյալներն էին։ Մի շարք նահանգներում, սակայն, ձայների հաշվարկը չի ավարտվել, բայց դա չի ազդի ընտրությունների արդյունքների վրա։–0–