ՀՀ վարչապետ. Հայաստանը մտադիր է նոր ազդակ հաղորդել ՌԴ–ի հետ հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է նոր ազդակ հաղորդել Ռուսաստանի հետ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում։
Եվրասիական տնետսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Սոչիում մայիսի 14–ին։
«Ինձ շատ հաճելի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց ես հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ հետ (Պուտինի, խմբգր.), քանի որ կարծում եմ, որ մենք քննարկելու հարցեր ունենք։ Սակայն կա ևս մի բան, որը քննարկման կարիք չունի, դա Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են», – հայտարարել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ «այդ հարցի շուրջ կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»։
«Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և քաղաքական, և առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջակիներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է», – նշել է Փաշինյանը։
Փաշինյանը բարձր է գնահատել Ռուսաստանի բալանսավորված դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում։
«Կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին», – ասել է ՀՀ վարչապետը։–0–