ՀՀ վարչապետն առաջիկայում կմեկնի Մոսկվա ու կհանդիպի Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Վստահ եմ, որ մեր հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր մենք մանրամասն կքննարկենք ու կգտնենք բազմաթիվ խնդիրների լուծումներ։ Իհարկե, չեմ ուզում պնդել, որ հնարավոր բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն վստահ եմ ու հավաստիացնում եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է բնական ճանապարհով ու նորմալ հունով», – ասաց Փաշինյանը` Facebook –յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։
Վարչապետը նաև նշեց, որ դա կլինի ՌԴ նախագահի հետ իր երրորդ հանդիպումը, իսկ հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակը վարչապետը որակեց որպես աշխատանքային գործընթաց, որն ընթանում է իր բնական ճանապարհով։
«Մենք շարունակում ենք մեր շփումը տարբեր մակարդակներում», – ավելացրեց ՀՀ վարչապետը։–0–