Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով

25.12.2017, 14:51
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ու Եվրամիության միջև համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի  ղեկավար Դոնալդ Տուսկի  ներկայությամբ։

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝ որոշում եմ.

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առեւտրատնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) հաստատում է համաձայնագրից եւ փաստաթղթից բխող, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից մշակված, այդ թվում՝ բարեփոխումների և մոտարկման գործընթացների իրականացմանն ուղղված՝ կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը և հետևում դրանց կատարմանը.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերը և ընդունում որոշումներ:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` հանձնաժողովի հետ նախապես քննարկել վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք և հաստատվելիք փաստաթղթերը»:–0–