Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հակառակորդի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը ունի երեք զոհ. հայտնի են նրանց անունները

29.12.2016, 12:34
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Հակառակորդի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը ունի երեք զոհ. հայտնի են նրանց անունները
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: 

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` հայկական մարտական դիրքերի հատվածում: 

«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ հայկական կողմը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: 

ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Facebook-յան իր էջում Արծրուն Հովհաննիսյանն այսօր ավելի վաղ հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

«ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ-ն լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», – հայտնել է Հովհաննիսյանը։-0-