Հայաստանը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր 1997 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակումից հետո հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախնական արդյունքները։
ԿԸՀ–ի տվյալներով` բարեփոխումների օգտին քվեարկել է 825622 մարդ (հանրաքվեի մասնակիցների 63,35 տոկոսը կամ ընտրացուցակներում ներառվածների 32,17 տոկոսը)։ Դեմ է քվեարկել 421593 մարդ (մասնակիցների 32,35 տոկոսը կամ ընտրացուցակներում ներառվածների 16,42 տոկոսը)։
Ընդդիմությունը չի ճանաչում քվեարկության արդյունքները` հայտարարելով զանգվածային խախտումների մասին։
Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։
Տեղամասերի փակման պահին` ժամը 20։00–ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։
Ձայների հաշվարկը շարունակվում է։
Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։
Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։
Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։–0–